ԿԲ-ի նախագահի պատասխանը պատգամավորին
Համաշխարհային տնտեսության վերականգնման եւ հակաճգնաժամային տնտեսության միջոցառումների շրջանակներում իրականացված հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցություններով պայմանավորված 2010թ. առաջին 8 ամսվա ընթացքում արձանագրվել է 3.1 % տնտեսական աճ, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18.4 անկման: Ներկայացված տվյալները Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանինն են:
Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ջավադյանը նշեց, որ տնտեսական աճի ձեւավորման միտումները նկատելի էին տարեսկզբից:
Նրա ներկայացմամբՙ 2010թ. մակրոտնտեսական կայունությանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի հետեւողական իրականացման եւ 2011-ին դրանց շարունակականության դեպքում հնարավոր կլինի ապահովել տնտեսական աճի կայուն եւ բարձր տեմպ:
«Սպասվող հարկերի եւ սոցվճարների մուտքերը թերագնահատված են, ինչն ապահովում է հարկեր-ՀՆԱ 17.1 տոկոս մակարդակ եւ ընդամենը 0.3 տոկոսային կետ աճ: Ողջունելի են կառավարության ջանքերը` բյուջեի պակասորդի կրճատման եւ ֆինանսական ներքին աղբյուրների տեսակարար կշռի ավելացման առումով, ինչը թույլ կտա առանց արտաքին պարտքի էական աճի միջնաժամկետ հատվածում ապահովել տնտեսության կայուն զարգացում», ասաց նա:
ԿԲ նախագահը համոզված է, որ վերոհիշյալ միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի նպաստավոր նախադրյալներ ստեղծել տնտեսության արագ վերականգնման եւ կայուն զարգացման համար:
«Միաժամանակ հակաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների արդյունավետ կոորդինացումը կնպաստի մակրոտնտեսական կայունությանը, գնաճը կնվազի եւ 2011 թ. կմնա նպատակային 4.5 տոկոսի սահմաններում»:
Ջավադյանի հավաստիացումներին` հնարավոր է զսպել գնաճը, հակադարձեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ի՞նչ գործիքներ ունի բանկը` գնային տատանումներն ու վայրիվերումները զսպելու համար», հարցրեց պատգամավորը:
ԿԲ-ի նախագահի ներկայացմամբՙ կիրառվող գործիքները երկուսն են` Կենտրոնական բանկը տնտեսության մեջ ներարկում է անում կամ տնտեսությունից փող վերցնում: «Կա նաեւ տոկոսադրույքների բարձրացում, սակայն այն կարծիքին եմ, որ հիմա ճիշտ չէ շարունակել տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը», ասաց նա:
Հ. Հ.