Կրթության ոլորտում հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը երեկ հասատատվեց կառավարությունում: Խոսելով այդ մասինՙ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ կրթության ոլորտում կոռուպցիան հիմնականում դրսեւորվում է հանրակրթության ոլորտումՙ դրամահավաքների տեսքով եւ բուհերում քննաշրջանի ընթացքում քննությունների նշանակման ժամանակ: Եթե այս ոլորտներում դժգոհությունները չեն նվազում, ապա, ըստ նախարարի, ընդունելության քննություններից դժգոհությունները վերջին 4 տարիներին նվազել են: Այնուհետեւ Արմեն Աշոտյանը ներկայացրեց այն ուղղություննները, որոնցով պետք է կատարվեն բարեփոխումները կրթական ոլորտում: Դրանք ենՙ իրավական բարեփոխումներ, կառավարման որակի բարձրացում, թափանցիկ հաշվետվողականություն, ֆինանսական մեխանիզմների հստակեցում, վերահսկողության ուժեղացում, հասարակության մեջ գիտելիքի արժեւորման տարածում, քաղաքացիական ինստիտուտների ներգրավում, ընդունելության քննությունների եւ բուհից բուհ տեղափոխումների բարելավում:
Անդրադառնալով բուհական ընդունելության քննություններինՙ կրթության եւ գիտության նախարարն ասաց, որ բոլոր բուհերի համար սահմանվելու է քննությունների միասնական բովանդակային կազմ (բացի նեղ մասնագիտացված մասնագիտություններիցՙ արվեստ, սպորտ եւ այլն), ինչպես եվրոպական երկրներում: Ըստ այդմ, լինելու են քննությունների երեք հիմնական տեսակ: Առաջինըՙ հայոց լեզուն էՙ պարտադիր բոլորի համար: Ստեղծվելու են քննական շտեմարաններՙ դրանց ճիշտ պատասխաններով, որով վերջ կտրվի տարբեր խոսակցություններին այս հարցում: Երկրորդը օտար լեզվի քննությունն էՙ միջազգային մասնագիտացված ստանդարտով: Երրորդըՙ Ջի Ար Ի միջազգային համակարգով սահմանված առարկայիՙ մաթեմատիկա, քիմիա եւ այլն, քննությունն է լինելու:
Ա. Մ.