«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2010-11-17 | #212, 2010-11-18 | #213, 2010-11-19


ԶՈՐԱԿՈՉԻՑ ԽՈՒՍԱՓԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ օրվա վերջում Հայաստանի խորհրդարանը քննարկում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը ներկայացնում էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը : Սա փաստորեն նախկինում որոշ ժամանակ արդյունավետ գործած այն օրենքի դրույթի նորացումն է, որով զինվորական ծառայությունից խուսափած անձանց հնարավորություն է տրվում վճարի դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից, իսկ զորակոչային տարիքում դեռեւս գտնվողներին` բաց թողած զորակոչերի դիմաց վճարելուց հետո ծառայությունը շարունակելու առանց խոչընդոտների: Բոլոր զորակոչերը բաց թողած անձինք, փաստորեն, առավելագույնը վճարելու են 1 մլն 800 հազար դրամ: Անձինք, ովքեր ունեն երկու կամ ավելի երեխա, կամ հաշմանդամ են դարձել այդ ընթացքում, կամ սովորել են բարձրագույն ուսումնական հաստատություններում, ավելի ցածր գումարներ կվճարեն: Ըստ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի ` նախկինում օրենքը կիրառվել է 5 հազ. մարդու համար, այժմ հետախուզման մեջ է գտնվում 10 հազար զինվորական ծառայությունից խուսափած երիտասարդ, որոնց մեծ մասը օրենքի փոփոխությունից հետո կվերադառնա հայրենիք: Հետախուզման մեջ եղողներն էլ որ գան` մինչեւ 27 տարեկան, նրանց համար կստեղծվեն բոլոր պայմանները, որ գնան ծառայեն` չկալանավորելով: Պատգամավորի հարցին պատասխանելով` Հ. Կարապետյանը տեղեկացրեց, որ արտերկրում գտնվող զորակոչից խուսափածը կարող է դիմել տվյալ երկրում Հայաստանի դեսպանատուն, որից հետո իր լիազորած մարդը Հայաստանում կզբաղվի գործով, որից հետո նա անխոչընդոտ կարող է վերադառնալ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4