«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2010-11-17 | #212, 2010-11-18 | #213, 2010-11-19


ԱՍՈՒԼԻՍՙ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻ

Ես չեմ դադարում զարմանալ մեր իշխանությունների վրա: Սկզբում ես մտածում էի, որ դատապարտելով Նիկոլ Փաշինյանին ազատազրկման` նրանք այդպիսով լրագրողին գործուղել են մեր քրեակատարողական հիմնարկներ, որտեղ նա այդ հիմնարկների իրականության մասին գրելով` կօգնի իշխանությանը դրանք ազատելու այդ հիմնարկներին լիանայի նման փաթաթված կոռուպցիայից: Ինչ -որ պահից, երբ այդ հիմնարկների վարքուբարքը Նիկոլը բավական ներկայացրեց, ու մեր իշխանավորները էլի չցանկացան նրան ազատ արձակել, պարզ դարձավ, որ մերոնք շուլալվել են իրենց իսկ խճճած կծիկի մեջ, քանի որ լրագրողին այդքան երկար պահելն ի հաշիվ սեփական ժողովրդավարական պարտավորությունների չհարգման, նմանվում է սովորական տղայական քենի, քանզի լրագրողը լրագրող է մնալու ե՛ւ բանտում, ե՛ւ ազատության մեջ, երկու դեպքում էլ նա պետք է իր սկզբունքներին համապատասխան արտահայտվի: Այդ դեպքում ինչո՞ւ, ի՞նչ նպատակով նրան ճաղերի հետեւում պահել: Լավ, խելացի մեկը չկա՞ մեր իշխանությանը խորհուրդ տա` չանել այն, ինչ վնասում է իրենց եւ երկրի հեղինակությանը:

Նիկոլն այսօր ավելի շատ բան է անում հայոց իրավապահ համակարգը կարգի բերելու ուղղությամբ, քան, ասենք, որեւէ հեռուստաընկերությունում նստած քարթու քծնող, քանզի ամեն օր գրելով քրեակատարողական հիմնարկի վարքուբարքի մասին` մաքրում է այդ հիմնարկների ավգյան ախոռները: Ու այստեղ ոչ մի կապ չունի, որ Նիկոլն ու այդ քծնողը բարիկադի տարբեր կողմերում են, հաճախ հենց քծնող յուրայինն ավելի վնասակար է, քան մատը ցավի վրա դնող ընդդիմադիրը, այս բոլորն ասում ենք` Նիկոլի գաղափարները չկիսելով:

Երեկ ասուլիս էին հրավիրել մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ` «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով եւ ներկայացնելով քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Նիկոլ Փաշինյանի հետ վերջին օրերին կատարվող բռնությունների եւ ահաբեկումների խնդիրը: Մինչ այդՙ երկու օր առաջ համախոհները հանդես էին եկել ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությամբ, որտեղ մտահոգություն կար, որ Փաշինյանի հանդեպ պարբերաբար կիրառվող բռնություններն ու ճնշումները հասել են իրենց գագաթնակետին եւ ամեն վայրկայն կարող են հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:

Երեկվա ասուլիսում «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը նկատեց, որ իշխանությունը ոչ միայն չի կարողացել ապացուցել, թե Նիկոլը որեւէ քրեորեն հետապնդելի արարք է արել, այլեւ բանտում նրան փորձում է սպառնալ. «Նիկոլի պաշտպանությամբ հանդես գալն ու նրա ազատությունը պահանջելը պարզապես մարդկային պարկեշտության հարց է», ասաց նա: Ըստ Lragir.am-ի խմբագիր Հայկազն Ղահրիյանի ` Նիկոլի հետ կապված խնդիրը քաղաքական չէ, այլ քաղաքացիական` մարդկային կյանքի եւ արժանապատվության խնդիր է: «Ես լրատվամիջոցներին կխնդրեի, որ խնդիրը հենց էդպես դնեն, որովհետեւ ցանկացած շեղում սկսում է մեկնաբանվել այլ կերպ: Կա շատ հստակ խնդիր, որ մարդու կյանքին վտանգ է սպառնում, դատարանը չի ապացուցել, որ նա մեղավոր է, նա բանտում է հանիրավի եւ պետք է շատ հստակ բարձրացնել քաղաքացիական ազատության, կյանքի անվտանգության խնդիրը», ասաց Հ. Ղահրիյանը:

Նիկոլի կյանքի անվտանգությանը սպառնացող խնդիրը մատնանշել են մյուս բոլոր խմբագիրները: Ասուլիսի մասնակիցները նշում էին, որ պետք է դրվի ոչ միայն Նիկոլի անվտանգության ապահովման, այլեւ Նիկոլի ազատության խնդիր:

«Հայկական Ժամանակ» թերթի տնօրեն, Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը , համոզմունք ունի, որ Նիկոլի հանդեպ բռնությունները «հրահանգվում են անմիջապես նախագահականից, եւ դրանք ուղղված են միմիայն Նիկոլ Փաշինյանի լրագրողական գործունեության եւ քաղաքական գործունեության դեմ, նրան լռեցնելուն»: Լրատվամիջոցների պատասխանատուներն ընդհանուր հայտարարի են եկել այն մտքի շուրջը, որ խնդիր կա ոչ միայն ապահովելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, այլեւ պետք է նրան անհապաղ ազատ արձակեն: Ըստ «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ` շուտով Նիկոլ Փաշինյանի հետ կապված հայտարարությամբ հանդես կգա Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Նիկոլ Փաշինյանը 15 օրով տեղափոխվել է հատուկ պատժախուց եւ պահվում է փակ ռեժիմի պայմաններում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4