Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի երգերը երեքշաբթի երեկոյան հնչում էին նաեւ հայերեն: «Ազնավուրը» հայերեն` Պերճ Թյուրաբյանի թարգմանությամբ ու մեկնաբանությամբ: Նարեկացի արվեստի միությունում Պերճ Թյուրաբյանի «Ազնավուրը հայերեն» խտասալիկի (CD-Book) շնորհանդեսն էր, սակայն երեկոն չէր սահմանափակվում միայն շնորհանդեսով: Ներկաները Պերճ Թյուրաբյանին ունկնդրելու հնարավորություն ունեցան: Մասնագիտությամբ բանասեր ու գրադարանագետ Պերճ Թյուրաբյանը զբաղվում է նաեւ երաժշտությամբ: Նրա առաջին «Ինչ-որ տեղ եւ մի օր» ձայնասկավառակը թողարկվել է 1998-ին, այստեղ զետեղված են Պերճ Թյուրաբյանի հեղինակային երգերը` նրա գրած տեքստերով ու երաժշտությամբ: Պ. Թյուրաբյանը գրում է երգեր նաեւ հայ բանաստեղծների տեքստերով` Ե. Չարենցի, Վահան Թեքեյանի, Ռուբեն Սեւակի, Վ. Տերյանի, Դանիել Վարուժանի եւ այլոց: Այդ երգերը տարիների ընթացքում ամբողջացել են Պ. Թյուրաբյանի տարբեր խտասալիկներում:
Երեկոյի ընթացքում Պերճ Թյուրաբյանը կատարեց երգեր եւ՛ «Ազնավուրը հայերեն», եւ՛ այլ CD-ներից: Հեղինակի հետ երգում էր նաեւ երգչուհի եւ ասմունքող Նաիրի Գասպարյանը, սակայն Ազնավուրը հայերեն կատարեց միայն Պերճ Թյուրաբյանը: Նա պատմեց, թե «Ազնավուրը հայերեն» խտասալիկն ինչ ճանապարհ է անցել մինչեւ ամբողջական տեսքի է եկել. «2007 թվականին, երբ Ֆրանսիայում եղավ Հայաստանի տարին, այդ առիթով պատրաստեցի մի CD, որտեղ ներկայացրել էի հայտնի շանսոնյեների երգերը: CD-ն չթողարկվեց: Դրանից շուրջ 2 տարի անց Շառլ Ազնավուրի 85-ամյակի կապակցությամբ այդ CD-ից 5 երգ հանեցի, ավելացրեցի նաեւ ուրիշ երգեր, այդպես ստեղծվեց «Ազնավուրը հայերեն» խտասալիկը»:
Պերճ Թյուրաբյանի նախորդ համերգներն ավելի մեծ սրահներում են անցկացվել: Այս անգամ հեղինակն ինքն է ցանկություն հայտնել, որպեսզի շնորհանդեսը Նարեկացի արվեստի միությունում կազմակերպվեր: «Երբ լսեցի այս կենտրոնի մասին հուզվեցի եւ զարմացա, որ կարելի է այսպես նվիրված ծառայել արվեստին», ասաց Պերճ Թյուրաբյանը:
Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ նշեց. «Պերճ Թյուրաբյանի երաժշտությունից, նրա երգերից ներշնչվում ենք: Նա շատ կարեւոր պատգամ ունի, եւ նրանից մենք սովորելու շատ բան ունենք»:
Երեկոյին առանձնակի հմայք էին տալիս Պ. Թյուրաբյանի կիթառի հնչյունները: Խոսելով երեկոյի մասին դերասան Ազատ Գասպարյանն ասաց, որ անհրաժեշտ է նման միջոցառումներ ամեն օր կազմակերպել. «Իսկ խտասալիկը երաժշտասերների համար իսկապես ընծա է»:
Ազատ Գասպարյանն ու Պերճ Թյուրաբյանը վաղուց են ճանաչում իրար: «Թյուրաբյանին 15 տարեկանից եմ ճանաչում, նա բարձր մակարդակի մտավորական է: Տիրապետում է 7-8 լեզուների եւ քաջածանոթ է համաշխարհային գրականությանն ու երաժշտարվեստին»:
Պերճ Թյուրաբյանը 1986 թվականից ապրում է Միացյալ Նահանգներում, բայց նա մշտապես սիրված է նաեւ այստեղ` Հայաստանում:
Նաիրի Գասպարյանը, որը կատարում էր հեղինակի երգերը, «Ազգին» պատմեց, որ Պերճ Թյուրաբյանն իր կնքահայրն է. «Մտքովս չէր անցնում, որ մի օր երգելու եմ նրա երգերը»: Երգչուհին եւ Պ. Թյուրաբյանը միասին ձայնագրած զուգերգեր ունեն: Անդրադառնալով երեկոյին երգչուհին ավելացրեց. «Ինձ համար սա մի աշխարհ է, որտեղ կարող եմ վայելել եւ՛ երաժշտությունը, եւ՛ պոեզիան»:
Ի. Պ.