Թբիլիսիում նոյեմբերի 10-12-ը կայացել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային ամենամյա միջոցառումը (GITI), որից Հայաստանը վերադարձել է 5 հաղթանակով: «Արմենպրեսից» տեղեկացանք, որ Հայաստանը ներկայացրել են տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների 13 կազմակերպություններ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանը նշել է, որ մրցութային հատվածում բոլոր մասնակիցների համեմատությամբ հայկական կողմը բացարձակ դոմինանտ է եղել: Մասնավոր հատվածի համար նախատեսված 6 անվանակարգերից 4-ում հաղթել են հայկական կազմակերպությունները: Հայկական պետական հատվածը ներկայացրել է «EKENG» ընկերությունը, որի առաջարկած «eSignature and Mobile ID» լուծումն արժանացել է միջազգային ժյուրիի հավանությանն ու հաղթել «Լավագույն ՏՏ նախագծի առաջարկ» անվանակարգում: Հայկական ընկերությունները հանդիպել են ինչպես Վրաստանի, այնպես էլ այլ երկրների իրենց գործընկերներին: Մասնակիցներից շատերն ընդունել են ԻՏՁՄ-ի հրավերը` մասնակցելու 2011 թվականի հունիսին կայանալիք Digitec Business ֆորումին:
Վրաստանում «Հայկական անկյուն» տաղավարային տարածքի ձեւավորմանն աջակցել է «Դ-լինկ» ընկերությունը:
Ի. Պ.