Մեր հասարակության մեջ արմատներ ձգած բարոյազրկման մի դրսեւորում են հուշարձանների, այդ թվում նաեւ գերեզմանաքարերի ու ամբողջական գերեզմանների նկատմամբ շարունակվող ոտնձգությունները, որոնք Գյումրիում այսօր անհանգստացնող չափերի են հասել քաղաքի հատկապես ամենահին` ալեքսանդրապոլյան շրջանից գոյություն ունեցող առաջին գերեզմանատանը: Վերջինս չնայած վաղուց պաշտոնապես փակ է համարվում, սակայն այսօր էլ այստեղ նոր հուղարկավորություններ են կատարվում, եւ որոշ դեպքերում` նույնիսկ ի հաշիվ հին, եղած գերեզմանների ու գերեզմանատեղերի: Նոյեմբերի 17-ին հրավիրած մամուլի ասուլիսում այսպիսի ահազանգ հնչեցրեց ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Ավետիք Մելիք-Սարգսյանը :
Ծառայությունը վերջին մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել է գերեզմանոցի տարածքը եւ բազմաթիվ տխուր իրողություններ արձանագրել: Արված հարյուրից ավելի լուսանկարներում կարելի է տեսնել տեղահանված, մի կողմ քշված հին տապանաքարեր, ջարդոտված հուշաքարերի կույտեր, նախկին ընտանեկան հանգստարանների տեղերի զավթման վկայություններ... Ասուլիսում նշվեց, որ այստեղ անհետացել են նույնիսկ մի քանի անվանի մարդկանց շիրիմները:
Ա. Մելիք-Սարգսյանը նշեց, որ իրենց ձեռնարկած ծրագրի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեւույթի վրա եւ նրա ու պատկան կառույցների հետ ուժերի համատեղմամբ կանխել դրա հետագա ծավալումը, բռնել մերօրյա վանդալների ձեռքը: Գյումրու առաջին գերեզմանատունը, Մելիք-Սարգսյանի վկայությամբ, ընդգրկված է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում, բայց ընդգրկված չէ Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում: Մեր պատմության ու կենցաղային մշակույթի մաս կազմող այդ հուշարձանների նկատմամբ պատշաճ ուշադրությունը նրանց կարող է զերծ պահել ոտնձգություններից:
Գ. Մ.