«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2010-11-18 | #213, 2010-11-19 | #214, 2010-11-20


ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԳՈՐԾԵԼԱՈՃԸ. ԲՈՅԿՈՏ ՆԱՏՕ-Ի ԼԻՍԱԲՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, բայց քանի որ հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումներ են տրվում, ինչը անընդունելի է Հայաստանի համար, Սերժ Սարգսյանը որոշել է չգնալ Լիսաբոն: Սա, ամենայն մասնակիությամբ հանդերձ, աննախադեպ քայլ է, որով թերեւս կարելի է հստակորեն նշել, որ Հայաստանն Ադրբեջանի վայրահաչությանն ասում է` բավական է:

Մյուս կողմից, Լիսաբոն չգնալու առնչությամբ Սերժ Սարգսյանի որոշումը, վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին, կարելի է մեկնաբանել որպես զգալիորեն շեշտադրված հահազդեցություն, որում արտահայտված կարելի է տեսնել նաեւ տարածաշրջանային ուժերի համար նախընտրելի որոշ շահեր, որոնք, ամեն դեպքում, մնում են ենթակա հայաստանյան շահերի գերակայությանը:

«Նոյեմբերի 20-ին նախատեսված էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող` Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը», նշված է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի հայտարարության մեջ:

Հայաստանը, ըստ հայտարարության, կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը: «Հայաստանը բարձր է գնահատում Հյուսիսատլանտյան դաշինքի ներդրումը Հայաստանի զինված ուժերի բարեփոխման գործընթացում: Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում արդյունավետ փոխգործակցության լավագույն դրսեւորումներից է», նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Այդուհանդերձ, այդ համագործակցությունը, համաձայն Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության, երկրի անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է: «Այդ առումով հատկապես կարեւորվում են Հայաստանի համար կենսական խնդիրների շուրջն ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձեւակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»:

Հայկական կողմը, հայտարարության համաձայն, բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ-ի հռչակած սկզբունքներից միայն մեկին, «վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»:

«Հաշվի առնելով այս մտահոգությունը` Հայաստանի Հանրապետության նախագահը որոշում է կայացրել չմեկնել Լիսաբոն: Նշված հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները», տեղեկացնում են Հայաստանի նախագահի գրասենյակից:

Եվ այսպես, եզակի անգամ բարձրաձայնվում է, որ չհավասարակշռված փաստաթղթերի ընդունումը կարող է անընդունելի լինել, այն էլ Հայաստանի համար, որի կշիռն ու կարեւորությունը շատ այլ երկրների կողքին համադրելիություն չունի: Եզակի անգամ միջազգային հանրությանն ուղղակիորեն եւ բաց տեքստով ներկայացվում է, որ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքին միակողմանի ու հրձիգ միջամտությունները ոչ մի դրական արդյունքի չեն բերի, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանը քանիցս հավաստել է իր պատրաստակամությունը` շարունակելու բանակցային գործընթացը, իսկ ՆԱՏՕ արդեն իսկ մեկնած ադրբեջանական նախագահի բոլոր ստորադրյալները չեն զլանում վարկաբեկման փորձեր անել հենց նույն Մինսկի գործընթացի եւ ԵԱՀԿ Միսնկի խմբի առնչությամբ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4