«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2010-11-18 | #213, 2010-11-19 | #214, 2010-11-20


ԺԵԲՐԱԻԼ ԺԵԱՐԱ. «ՀԱՆԵ՛Ք ԿՈՇԻԿՆԵՐԸ, ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՔ ԳԱԼԻՍ. ՍԱ ՍՈՒՐԲ ՀՈՂ Է»

ԼՂ հակամարտության հարցում Լիբանանը չեզոք դիրքորոշում ունի

Նոյեմբերի 22-ին կլրանա Լիբանանի անկախության հռչակման 67-ամյակը: Հայաստանում Լիբանանի դեսպան Ժեբրաիլ Ժեարայի հետ զրուցեցինք Լիբանանի անկախության , հայ-լիբանանյան հարաբերությունների առաջիկա ծրագրերի մասին:


- Պարո՛ն դեսպան, նոյեմբերի 22-ին լրանում է Լիբանանի անկախության 67-ամյակը: Ինչպե՞ս է Հայաստանում Լիբանանի դեսպանատունը նշում այդ տարեդարձը :

- Թույլ տվեք մինչ հարցազրույցը սկսելը շնորհակալություն հայտնել «Ազգ» օրաթերթին Լիբանանի եւ արաբական աշխարհի իրադարձությունների նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար:

Անկախության տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը սկսվել է անցյալ շաբաթ: Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էր Հայաստանում Լիբանանի դեսպանատունը, Հայ-լիբանանյան ընկերության մասնաճյուղն ու հայ-լիբանանյան բարեկամության ընկերությունը` մաեստրո Վլադիլեն Բալյանի նախագահությամբ: Իսկ նոյեմբերի 22-ին տեղի կունենա հատուկ միջոցառում` նվիրված Լիբանանի անկախությանը:

- Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի եւ Լիբանանի հարաբերությունների ներկա փուլը :

- Հայ-լիբանանյան հարաբերությունները շատ ջերմ են, ունեն պատմական անցյալ , հիմնված են բարեկամության, եղբայրության եւ համագործակցության վրա:

Սերտ համագործակցություն գոյություն ունի երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Երկու երկրները համագործակցում են նաեւ ՄԱԿ-ում եւ վերոնշյալ կազմակերպության ենթակա կառույցներում եւ ընդհանրապես միջազգային ատյաններում համագործակցությունն ընթանում է առանց որեւէ խնդրի ու ամուր հիմքերի վրա է կանգնած:

Անկասկած, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի ացելությունը, որ պետք է տեղի ունենար հոկտեմբերին, նոր լիցք կհաղորդեր երկու երկրների հարաբերություններին: Սակայն այցելությունը հետաձգվեց զուտ լիբանանյան ներքին քաղաքական իրավիճակի հետ կապված հարցերի պատճառով: Այցելությունը հետաձգվեց, սակայն չեղյալ չի հայտարարվել: Վարչապետը հավաստիացրել է, որ Հայաստան այցելությունն անպայման կայանալու է:

- Ինչպիսին են երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները, եւ արդյոք լիբանանցի գործարարները հետաքրքրվա՞ծ են Հայաստանում ներդրումներ կատարելու գաղափարով:

- Տնտեսական հարաբերությունները նույնպես աճում եւ ընդլայնվում են: Դրա վառ ապացույցը «Ղ-Տելեկոմն» է, որ գործում է Ղարաբաղում, հետո «Վիվասելլը», որ սկզբնական շրջանում զուտ լիբանանյան ընկերություն էր, «Անելիք» բանկը համատեղ հայ-լիբանանյան ձեռնարկություն է, «Բիբլոսը» նույնպես լիբանանյան բանկ է: Կան բազմաթիվ լիբանանցիներ, որ այլ ոլորտներում ներդրումներ են կատարում: Մոտ օրերին նախատեսվում է մի քանի լիբանանցի գործարարների այցը Հայաստան: Նրանք ուսումնասիրելու են մի շարք ներդրումային ծրագրեր:

- Հիմնականում լիբանանցիները ո՞ր ոլորտներով են հետաքրքրված:

- Լիբանանցիներին հետաքրքրում են թեթեւ արդյունաբերությունը, կապը, բանկային համակարգը: Կան հետաքրքրություններ ապահովագրության բնագավառում, իսկ հյուրանոցային ցանցի եւ դրան առնչվող ծառայությունների բնագավառի առումով լիբանանցիները մեծ եւ հարուստ փորձ ունեն:

- Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը մշակութային երկխոսության եւ զբոսաշրջության զարգացման ոլորտներում:

- Մշակութային ոլորտում համագործակցությունը դեռեւս միակողմանի է` Հայաստանից դեպի Լիբանան: Սակայն Հայաստանում որոշակի միջոցառումներ անցկացրել ենք: Լիբանանցի աշխարհահռչակ գրող եւ փիլիսոփա Ժուբրան Խալիեւ Ժուբրանի կիսանդրին տեղադրվեց Երեւանում, հրատարակվեց նրա գլուխգործոց «Մարգարե» ստեղծագործությունը: Երկու տարի առաջ Լիբանանի մշակույթի օրեր կազմակերպեցինք Երեւանում: Երկու ամիս առաջ Գյումրիի «Գոհար» անսամբլը հոյակապ ելույթներ ունեցավ Բեյրութում:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, Հայաստանից Լիբանան է գնացել 2500 զբոսաշրջիկ, իսկ Լիբանանից` 8000: Այս թվերը շատ քիչ են: Հավաստիացնում եմ, որ լիբանանյան ծովափը հայաստանցիների համար բաց է:

- Լիբանանի հայկական համայնքը մեծությամբ 7-րդն է: Ինչպե՞ս են հայերն իրենց զգում Լիբանանում եւ ինչպե՞ս կգնահատեք նրանց դերն ու գործունեությունը պետության զարգացմնան գործում:

- Լիբանանահայերը մեր երկրի անբաժան մասն են: Լիբանանն ու հայերը փոխադարձաբար միմյանց շատ բան են տվել: Լիբանանահայերին յուրահատուկ են չափավորությունը, պետական օրինականության պաշտպանությունը: Նրանք հավատարիմ են Լիբանանին, քաղաքացիական պատերազմի ժամանակ չմասնակցեցին եղբայրասպան կռիվներին: Նրանք շատ մեծ ներդրում են ունեցել երկրի տնտեսության կայացման գործում: Հայերը արդյունաբերության բնագավառում առաջամարտիկներ են: Ոսկերչության, ադամանդագործության, սննադարդյունաբերության բնագավառում շատ կարեւոր դիրքեր են ունեցել: Լիբանանյան մշակույթի մեջ էլ հայերի դերակատարությունը անուրանալի է:

- Հարավային Կովկասը հակամարտություններով լի տարածաշրջան է: Դրանցից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Ինչպիսի՞ն է Լիբանանի դիրքորոշումը վերոնշյալ հարցում:

- Պաշտոնական Լիբանանը չեզոք դիրք ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Լիբանանը Հայաստանի բարեկամն է, իսկ Ադրբեջանի հետ իսլամական կոնֆերանսի անդամ է: ՄԱԿ-ում, երբ որեւէ բանաձեւ է քվեարկվում, որ առնչվում է հայ-արդբեջանական հակամարտությանը, Լիբանանը չի քվեարկում: Կողմակից ենք, որ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցային գործընթացով եւ արդար լուծում գտնի:

- Պարոն դեսպան, արդեն 7 տարի Հայաստանում եք: Ինչպիսի՞ն են տպավորությունները:

- Հայաստանում երբեմն մոռանում եմ դիվանագիտական անձնագրի մասին, որովհետեւ հարազատ վայրում եմ, հարազատ ժողովրդի մեջ: Մենք Հայաստանը ընկալում ենք բիբլիական երկիր: Աստված Սինայում Իսահակին ասացՙ հանի՛ր կոշիկները, որովհետեւ դու գտնվում ես Աստծո առջեւ: Մենք էլ նույնն ենք ասում` Հանեք կոշիկները, երբ Հայաստան եք գալիս, սա սուրբ հող է, գալիս եք Աստծո մոտ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4