ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջեւ կապը բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը: Համաձայն ընդունված կարգի` զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործելու իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը եւ զանգահարել հարազատներին: ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության եւ VivaCell MTS ընկերության միջեւ ստորագրված պայմանագրով զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի զանգահարող զինծառայողը չի վճարելու: Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, որի մասին նա նախապես կտեղեկացվի: ՀՀ պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով կանոնակարգվել են ՀՀ ԶՈՒ հեռավոր եւ սահմանամերձ շրջաններում տեղակայված զորամասերում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների հարազատների այցելությունները. սահմանվել են այցելությունների երթուղիներն ու ժամանակացույցը: Համաձայն սահմանված կարգի` զորամասեր մեկնող հարազատների ցուցակները կազմվում են տարածքային զինկոմիսարիատներում, իսկ մեկնումը նախատեսված է հանրապետական հավաքակայանից:
Հ. Ա.