Նոյեմբերի 15-ից 18-ը Երուսաղեմի հայոց պարտրիարքարանում 28 միաբան հայրերի եւ պատրիարք սրբազան հայր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մասնակցությամբ գումարվեց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանական ընդհանուր ժողովը, որը վարում էր Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը, տեղեկանում ենք Երուսաղեմի հայոց պատրիարքությունից ստացված հաղորդագրությունից:
Պատրիարքը ժողովի ընթացքում գրավոր հուշագիր է հանձնել ժողովի դիվանին, ուր ամփոփված է եղել նրա փափագը` նկատի առնելով իր առողջական վիճակը եւ վանքի ապագան, Միաբանական ընդհանուր ժողովին առաջարկել աթոռակից պատրիարք ընտրելու հարցը եւ այդ իմաստով կանոնադրական պայմաններ լրացնող հոդվածներ նախապատրաստել: Նա առաջարկել է, որ Խաժակ արք. Պարսամյանը գլխավորի կանոնադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնախումբը: Կանոնադրական հավելված հոդվածների վավերացումը նախատեսվում է 2011 թվականի մարտին: Միաբանական ժողովն ընտրել է նոր հանձնախումբ, որը զբաղվելու է առաջարկվող կանոնադրական բարեփոխումներով: Ընդհանուր ժողովը տարբեր հարցերի շարքում քննել է նաեւ Համբարձման լեռան վանքապատկան հողի վրա շահութաբեր հյուրանոցի կառուցման ծրագիրը` հավանության արժանացնելով այն:
Մ. Խ.