«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2010-11-18 | #213, 2010-11-19 | #214, 2010-11-20


ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂՆ ԱՅԼԵՎՍ «ԿԱՆԱՑԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Հիվանդությամբ տառապում են նաեւ տղամարդիկ

Աշխարհում տարեկան1.5 միլիոն կանանց մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Դրանցից 465.000-ը մահացու ավարտ է ունենում:

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով տառապում է 6100 կին: Բուժման կուրսից հետո սահմանված ժամանակը 5 տարի է: Բժիշկները հավաստիացնում ենՙ եթե այդ ընթացքում հիվանդների մոտ առողջական խնդիրներ չեն առաջանում, ապա այդ կանայք համարվում են վերապրածներ: Հայաստանում վերապրած կանանց թիվը գերազանցում է 2500-ը: Կրծքագեղձի քաղցկեղը չհաղթահարված, սակայն կանխարգելիչ հիվանդություն է: «Կրծքագեղձի քաղցկեղը մահացու դատավճիռ չէ», «Արմատ»-ում նշում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիաական բաժանմունքի վարիչ Անի Հակոբյանը : Մինչեւ 35 տարեկան կանանց խորհուրդ է տրվում ամսական գոնե մեկ անգամ շոշափել կուրծքն ու փոփոխություն զգալու պարագայում դիմել բժշկի:

«Մեկ տարվա ընթացքում կրծքագեղձը չի կարող այնպիսի չափերի հասնել, որ հայտնաբերման դեպքում ստիպված լինենք կուրծքը հեռացնել: Դրա համար 40-ն անց կանանց խորհուրդ է տրվում գոնե տարվա մեջ մեկ անգամ այցելել բժշկի եւ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել»: Անի Հակոբյանը նշում է, որ ամսական հայտնաբերում են կրծքագեղձի քաղցկեղի 30-40 դեպք:

Հայաստանում քաղցկեղը երիտասարդանալու միտումներ ունի: Թեպետ հիմնականում քաղցկեղով տառապում են 40-55 տարեկան կանայք, սակայն մինչեւ 35 տարեկան քաղցկեղով տառապող կանանց թիվը վերջին շրջանում շատացել է:

Թեեւ ողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղը համարվում է կանացի հիվանդություն, սակայն այն հանդիպում է նաեւ տղամարդկանց մոտ: Հայաստանում կրքագեղձի քաղցկեղով տառապող տղամարդկանց թիվը 18 է:

«Տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղը առաջանում է գեղձային հյուսվածքների առկայության պատճառով: Դա նորմալ չէ: Տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղի պատճառ կարող են լինել նաեւ վնասվածքները»:

Թե ինչից է առաջանում կրծքագեղձի քաղցկեղը, առայժմ բժշկությանն անհայտ է, սակայն կան կանխարգելիչ միջոցներ: «Նախընտրելի է, որ կինը մինչեւ 30 տարեկան գոնե մեկ անգամ ծննդաբերած լինի, երեխային կրծքով ավելի շատ կերակրի, դրանք նվազեցնում են քաղցկեղի առաջացումը: Արհեստական վիժումները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, ռիսկային գործոններ են մնում նաեւ տարիքն ու ժառանգականությունը», ասաց նա:

Անդրադառնալով պլաստիկ վիրահատություններինՙ Հակոբյանը նշեց, որ դրանք որեւէ կերպ չեն խանգարում քաղցկեղի հիվանդության կանխարգելմանը: «Շատացել են կրծքի պլաստիկ վիրահատությունները, սակայն հայ վիրաբույժները մինչ վիրահատությունը պահանջում են հիվանդից հետազոտվել ու միայն բժշկական զննումից հետո են վիրահատում: Սիլիկոնների տեղադրումը դժվարացնում է ուռուցքի հայտնաբերումը, սակայն կան հատուկ մեթոդներ եւ սարքավորումներ, որոնք հայտնաբերում են ուռուցքը», եզրափակեց Անի Հակոբյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4