«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2010-11-19 | #214, 2010-11-20 | #215, 2010-11-23


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

2011-ի «Մանկական Եվրոտեսիլը» Հայաստանում չի անցկացվի

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նոյեմբերի 20-ին Մինսկում կայացած «Մանկական Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնի ժամանակ Հայաստանը ներկայացնող 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով գերեց Եվրոպայի սիրտն ու 120 միավորով գրավեց առաջին հորիզոնականը` Հայաստանին պարգեւելով հաղթանակը:

Youtube կայքեջում տեղադրված Վլադիմիր Արզումանյանի ելույթը մեկ օրվա ընթացքում դիտել է շուրջ 100.000 մարդ, իսկ մեկնաբանությունների թիվը գերազանցում է 1000-ը: Եթե օտարերկրացիները Հայաստանին շնորհավորում են հաղթանակի կապակցությամբ, ապա ադրբեջանցիները հիմնականում շեշտում են Վլադիմիր Արզումանյանի ծննդավայրը` Ստեփանակերտը ու մատ թափ տալիս, որ Արցախը մի օր իրենցն է դառնալու:

Սակայն առավել զավեշտալի է Սուլեյման ծածկանունով երիտասարդի մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք բառացի: «Այ երդվում եմ, երբ մենք կհաղթենք ու կվերադարձնենք Ղարաբաղը, այդ տարի Ադրբեջանն, ի թիվս այլ հաղթանակների, կհաղթի նաեւ Եվրոտեսիլում»:

Ադրբեջանական «աբիժնիկությունը» հասել է այն ծայրահեղության, որ մրցույթի օրը, պարզելով, որ Հայաստանի ներկայացուցչի արմատները տանում են Արցախ, Ադրբեջանում պետական մակարդակով արգելվել է մրցույթի հեռարձակումը:

«Հայաստանի ներկայացուցիչն առանձնանում էր անկեղծությամբ ու ջերմությամբ: Բոլոր մասնակիցներն էլ փորձերի ժամանակ ավելի լավ էին կատարում, քան մրցույթի օրը: Ի տարբերություն շատերիՙ Վլադիմիրը չշփոթվեց, իսկ լավ ձայնը, հիշվող կրկներգը, գեղեցիկ բեմադրությունն ու պարը շատերին գերեցին, եւ Հայաստանը հաղթեց մրցույթում», գրում է բելառուսական Naviny.by կայքէջը:

Համերգից հետո կայացած ասուլիս ժամանակ պատանի երգիչը նշել է, որ երազում էր այս հաղթանակի մասին, մրցույթից մեկ օր առաջ երազում տեսել է, թե ինչպես է հաղթում: «Փաստորեն երազս իրականություն դարձավ: Մրցույթից առաջ մայրս խոստացել է, որ եթե հաղթեմ, ինձ եղբայր կպարգեւի: Երազում եմ եղբոր մասին»:

Բացի հաղթանակից եւ Եվրոպայում լավագույնը ճանաչվելուց, Վլադիմիր Արզումանյանը հասցրել է նաեւ սիրահարվել: «Ես երեկ մոտեցա Սերբիայի ներկայացուցիչ Սոնյային եւ ասացին, որ նա շատ գեղեցիկ է, եւ ես նրան սիրում եմ», խոստովանել է Արզումանյանը: Բելառուսցի լրագրողի հարցին էլ` «Քեզ աստղ համարո՞ւմ ես», հավելել է. «Աստղերը երկնքում են, իսկ ես սովորական մահկանացու եմ»:

Հայաստանի հաղթանակը շփոթության մեջ է գցել նաեւ բուքմեյքերիներին: Եվրոպական գրեթե բոլոր բուքմեյքերական գրասենյակները հավաստիացնում էին, որ այս տարի մրցույթում հաղթելու է Շվեդիայի ներկայացուցիչը, մինչդեռ նա զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը, երկրորդ հորիզոնականում բուքմեյքերները տեսնում էին Բելգիայի ներկայացուցչին, որը սակայն գրավեց 7-րդ հորիզոնականը: Ռուսաստանի ներկայացուցչին բուքմեյքերները կանխատեսել էին նախավերջին հորիզոնականը, իսկ Հայաստանին` առաջին տասնյակում:

Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական, «Եվրոտեսիլ» նախագծի հայաստանյան համակարգող Դիանա Մնացականյանն էլ «Ազգ»-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի ընդունող կողմը շատ լավ էր պատրաստվել, տեխնիկական, կազմակերպչական խնդիրներ մրցութային օրերի ընթացքում չեն առաջացել:

«Յուրաքանչյուր երկիր ունի ժյուրիի կազմ, որը բաղկացած է 8 հոգուց, նրանց պաշտոնական տեսակետը հայտնի կլինի մեկ շաբաթից, սակայն առանց այդ տեսակետի հրապարակման էլ արդյունքն ակնհայտ է, որ Հայաստանն այդ փառատոնում լավագույնն էր: Հաղթանակից հետո մեզ մոտենում էին, շնորհավորում եւ ասում. «Դուք երկար էիք գնում այս հաղթանակին, երկու անգամ գրավել եք երկրորդ հորիզոնականը»: Սա արդարացված եւ շատ սպասված հաղթանակ էր»:

Ի տարբերություն «Եվրոտեսիլ» մրցույթ փառատոնի, «Մանկական Եվրոտեսիլում» հաղթող կողմը չի պարտավորվում հաջորդ տարի իր հարկի տակ անցկացնել փառատոնը: «Այստեղ նման կանոններ չկան, ով ցանկություն է հայտնում, նա էլ փառատոնի անցկացման իրավունք է ստանում»: Հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 31-ը, սակայն Հայաստանը ցանկություն հայտնող երկրների շարքում չի հայտնվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4