ԵԱՀԿ գագաթաժողովը, որ տեղի է ունենալու դեկտեմբերի 1-2-ին Աստանայում, «Եվրոպայում անվտանգության հիմքեր կդնի»: Ոչ ավել, ոչ պակաս, այսպիսի հայտարարություն է արել Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը : ԵԱՀԿ-ում ներկայումս նախագահող երկրի լրատվամիջոցների տեղեկացմամբ, Մասիմովը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության մասին առաջարկությունը կարող է քննարկման առարկա դառնալ գագաթաժողովում:
Մասիմովի կարծիքով, կան որոշ խնդիրներ, որոնք մեծ նշանակություն ունեն` գագաթաժողովում քննարկվելու տեսանկյունից: Ի շարս մարդու իրավունքների, ժողովրդավարացման, խոսքի ազատության, կայունության եւ այլ հարցերի` Մասիմովը, որպես մեծ նշանակություն ունեցող, նշել է նաեւ «սառեցված հակամարտությունները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում»:
Ա. Հ.