«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2010-11-19 | #214, 2010-11-20 | #215, 2010-11-23


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԼԻՍԱԲՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ` ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի ունեցավ Աֆղանստանին նվիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի հանդիպումը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, հանդիպմանը ելույթ են ունեցել ԱՄՆ-ի, Պորտուգալիայի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող այլ պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը, նաեւ Հայաստանի արտգործնախարարը:

Նալբանդյանն իր ելույթում նշել է, որ Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում` անկախ այն հանգամանքից թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է Աֆղանստանից, եւ ընդգծել, որ հենց դրա ապացույցն է, որ 49 երկրների ներկայացուցիչներ հավաքված են մեկ սեղանի շուրջը` համատեղ քայլեր մշակելու այդ երկրում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար: Հենց այս մտայնությամբ է Հայաստանը միացել Աֆղանստանում անվտանգությանը աջակցող միջազգային ուժերին եւ արտահայտել է իր պատրաստակամությունըՙ ավելացնելու իր մասնակցությունը:

  Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ` ռազմական եւ ֆինանսական աջակցությունը Աֆղանստանին կարեւոր է, սակայն առավել կարեւոր է վերականգնել Աֆղանստանի ժողովրդի վստահությունը կայուն, ապահով եւ բարգավաճ ապագա կառուցելու իր կարողության հանդեպ: Այս առումով նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին:

Լիսաբոնում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաեւ Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարինՙ Լուիս Ամադոն ասել է. «Ի դեմս Պորտուգալիայի Հայաստանը ունի վստահելի բարեկամ, որը պատրաստ է ընդլայնել բոլոր ոլորտներում համագործակցությունը»: Նախարար Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումը խթանելու համար եւ ստեղծելու այնպիսի փոխգործակցություն, ինչպիսին ունի եվրոպական շատ երկրների հետ:

Ընդունելով Էդվարդ Նալբանդյանիՙ Հայաստան այցելելու հրավերը` Պորտուգալիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Երեւան կժամանի 2011 թ. առաջին կեսին:

Գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Պորտուգալիայի պաշտպանության նախարար Օգուստո Սանտոս Սիլվայի միջեւ:

Ա. Հ.


Նկար 1. Էդվարդ Նալբանդյանը եւ Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4