Երեկ ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ մի այնպիսի ներկայացուցչական համաժողով էր Երեւանում, որ այնտեղ ներկա եւ արտահայտված խելոք-խելոք եւ ինստիտուցիոնալ մտքերը լսողները մի ելք ունեին միայն` գնալ ու արդար եւ բարձրակարգ ընտրություններ կազմակերպել` երեկ ստացած բարձրամակարդակ տեսական գիտելիքները ներդնելով կյանք: Համենայն դեպս հո չե՞ն կորրչի այդքան ներկայացուցչական համաժողովում ներդրված ջանքերը, հո չի կորչի միջազգային կազմակերպությունների կողմից այդքան մասնագետ Երեւան հրավիրելու եւ զեկույց վճարելու փողը, լավագույն թղթի վրա տպագրված ընտրական փաստաթղթերը: Դուք մենակ անունները լսեք, թե ովքե՞ր էին այդ համաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները. Հայաստանի Ազգային ժողով, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն, Եվրոպայի խորհրդի գրասենյակ, Եվրոպական միության պատվիրակություն, Հայաստանի ԿԸՀ: Բա մասնակիցներն ու ելույթ ունեցողները. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ, Ռաուլ դե Լուցենբերգեր (ԵՄ), Սերգեյ Կապինոս (ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակ), դեռ մեր Դավիթ Հարությունյանն էլ քննարկված ու լրացված նոր ընտրական օրենսգրքի նախագիծն ամփոփեց: Էս անուններով երկու օր որ մեծ-մեծ քննարկենք մեր օրենսգրքի փոփոխությունները (այսօր համաժողովը շարունակվելու է) եւ ընտրական մոդելների աշխարհի փորձը, հալբաթ մի բան դուրս կգա: Դուրս էլ չգա` էս միջազգային փողերով շատ ներկայացուցչական ժողով ասենք, սեմինար ասենք, համաժողով ասենք, կայացա՞վ, կարելի է մեր ընտրական օրենսգրքի հանրային քննարկումների փուլն անցած համարել այդպիսով, քանի որ թեկուզ ՀԱԿ-ը չի մասնակցում այս քննարկումներին, դեռ ՀԱԿ-ի համակարգողն էլ նամակներ է գրում ընտրական համակարգերի միջազգային հաստատության ծրագրի տնօրենին, թե` չենք մասնակցում, որ չկարծեք ընտրական օրենսգիրքն է մեր վատ ընտրությունների պատճառը, սակայն մեր խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն մասնակցում էր, այլեւ իրենց առաջարկների փաթեթներն էր ներկայացրել, անգամ Պարույր Հայրիկյանն էր եկել եւ խոսեց այս համաժողովում, ինչո՞վ հանրային քննարկում չէ:
Իսկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը թեեւ իր ելույթում խոսում էր այն մասին, որ հայկական ընտրություններում պարտվածի համար միշտ ընտրությունները կեղծված են, մերոնք արժանապատիվ պարտվել չգիտեն, բայց համ էլ հավատացած էր, որ մենք հիմա պարտավոր ենք նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, եւ դրա համար, որքան էլ զարմանալի, մի շարք «պետք է»-ներ նշեց, որոնք, ի դեպ, հենց ընդդիմադիր խորհրդարանականների կոնկրետ առաջարկներում արտացոլված են. նվազագույնի հասցնել իշխանության գործոնը, վերացնել զբաղեցրած պաշտոնով եւ նյութական վիճակով պայմանավորված անհավասարությունն ընտրական գործընթացներում, ընտրությունների ընթացքում ծախսվող միջոցների թափանցիկություն եւ վերահսկելիություն, ընտրական գործընթացի մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովել, ներառյալ հանրային ռեսուրսների օգտագործումը եւ այլն: Եվ դեռ որպես հանրային քննարկումների շարունակություն խորհրդարանական լսումներ էլ խոստացավ:
Իսկ, օրինակ, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, հիշեցնելով իր երկրի աջակցության մասին Հայաստանի ընտրական ջանքերին, հուսով էր, որ Հայաստանը խորհրդրանական ընտրություններում առաջընթաց է գրանցելու: Մեր ԱԺ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարություննյանն էլ պատմեց, թե ԱԺ կայքէջում նոր խմբագրությամբ ԸՕ-ի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ստացվել եւ ստացվում են, պատրաստ են էլի առաջարկներ ընդունել: Դե իսկ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն էլ առաջարկների իրենց փաթեթներն էին ներկայացրել, որտեղ համարյա բոլոր ընտրակեղծիքների առաջն առնող առաջարկներ կան, մնում է, որ իշխանության հետ քով-քովի նստեն ու «մերձեցնեն իրենց տեսակետները»: Բայց այդպիսի մերձեցումը կարծես այնքան էլ տեսանելի է չէ. ընդդիմության ասած` իշխանությունն ազատ ընտրությունների համար կամք պետք է ունենա` չունի, իշխանության ասած` ընդդիմությունն ուզում է մեծամասնության տեղերի մեծ մասն իրենցով անել` ինչ քաղաքական կամք: Ընդդիմությունը պնդում է` պետք է մատչելի դարձնել քվեարկած ընտրողների անվանացանկերը (ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի բաց նամակից է այս մեկը), ընտրությունները հարկ է կազմակերպել բացառապես համամասնական ցուցակով, ընտրական հանձնաժողովներ ձեւավորել ԱԺ իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի հավասար ներկայացուցչությամբ, նախագահական եւ ԱԺ ընտրությունների պետական ֆինանսավորում պետք է իրականացվի, քվեարկության եւ հաշվարկի տեսաձայնագրում տեղի ունենա, ԿԸՀ-ին կից վերահսկիչ ծառայություն ստեղծվի եւ այլն: Այս վերջին առաջարկի անսովորության վրա անգամ զարմացավ միջազգային փորձագետ Մագնուս Օհմանը:
Մի խոսքովՙ մերոնք լուրջ-լուրջ նստել` միջազգային համաժողով են անում, հազարերորդ անգամ տեսական խելոք-խելոք մտքեր լսում, իսկ կյանքն անցնում է այլ կերպ եւ կողքից: Հավանաբար այսօր մենք կկարողանանք եզրակացություն անել` գոնե մի քիչ մոտենո՞ւմ են իրար մեր ընդդիմադիրների եւ իշխանականների ընտրական պատկերացումները, քանի որ համաժողովն այսօր կամփոփվի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ