Աճի տեմպը շարունակել է նվազել
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-հոկտեմբեր ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 2,4 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է մոտ 2 տրիլիոն 755 մլրդ դրամ: Տնտեսական աճի տեմպը շարունակել է նվազելՙ հունվար-մայիսի ամիսների առավելագույն 8,8 տոկոսից հասնելով 2,4 տոկոսի: Միաժամանակ, հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ գրանցվել է 7,3 տոկոս աճ, ինչը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ցուցանիշներով:
Ըստ տնտեսության ճյուղերի, ցուցանիշները հետեւյալ են: Արդյունաբերությունում աճի տեմպը պահպանվում է, կազմելով 9,8 տոկոս: Այս ճյուղը միակն է, որ նախորդՙ սեպտեմբեր ամսվա նկատմամբ աճ է արձանագրելՙ 2,3 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հոկտեմբերին աճել է 18,7 տոկոսով, բայց հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ 16,4 տոկոս անկում է արձանագրվել: Շինարարությունում գրանցվել է 5,1 տոկոս անկում, իսկ հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ այդ անկումը կազմել է 6,8 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 16,8 տոկոս, իսկ հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ անկումը շատ ավելի զգալի էՙ 24,3 տոկոս: Ծառայությունների ոլորտում 2010-ի հունվար-հոկտեմբերին արձանագրվել է 6,3 տոկոս աճ, սակայն այստեղ եւս հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ անկում է արձանագրվելՙ 1,9 տոկոսով: Մանրածախ առեւտրում արձանագրվել է 0,7 տոկոս աճ, իսկ հոկտեմբերինՙ սեպտեմբերի նկատմամբ, 3,9 տոկոս անկում:
Միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 7,6 տոկոսով եւ գերազանցել 106 հազար դրամը: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմում է ավելի քան 85 հազար դրամ, իսկ մասնավորումՙ 133 հազար դրամ: Առաջինում աճը կազմել է 4,1 տոկոս, երկրորդումՙ 8,5 տոկոս:
Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 21,1 տոկոսով եւ կազմել 3 մլրդ 795 մլն դոլար: Արտահանումը կազմել է գրեթե 794 մլն դոլար, աճելով 41,3 տոկոսով, սակայն հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ այստեղ անկում է գրանցվել 3,1 տոկոսով:
Ներմուծումը կազմել է 3 մլրդ 1 մլն դոլար, աճելով 16,7 տոկոսով, իսկ հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ ներմուծումն ավելացել է 1,7 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը շարունակել է խորանալՙ կազմելով մոտ 2 մլրդ 207 մլն դոլար: Սա բավականին մտահոգիչ ցուցանիշ է եւ վկայում է, որ արտահանման խթանման ուղղությամբ քայլերը կամ արդյունավետ չեն, կամ դեռ բավարար չեն:
Այսպիսով, այս տարվա 10 ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունը թեեւ վերականգնվում է ճգնաժամից, բայց կարծես թե լճացման վտանգի առջեւ է հայտնվել: Դրականն այս պահին միայն արդյունաբերության արտադրանքի պահպանվող աճն է: Լճացման վտանգն առայժմ այնքան էլ իրական չի թվումՙ նկատի ունենալով, որ տարեվերջին ավանդաբար տնտեսական աշխուժացում է արձանագրվում: Իսկ հունվարից հետո արդեն այդ վտանգը կարող է իրական դառնալ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ