«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2010-11-19 | #214, 2010-11-20 | #215, 2010-11-23


ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾԵՍ ՍԿՍԵԼ Է ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆԱԼ

Երեկ «Հայելի» ակումբի բանախոսներն անդրադարձան նախնական եւ միջին մասնագիտական կրթության ներկայիս վիճակին: Կրթության եւ գիտության նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հայաստանում այսօր գործում են պետական միջին մասնագիտական 83 ուսումնական հաստատություններ եւ 29 արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներում եւ ուսումնարաններում սովորում են շուրջ 37 հազար ուսանողներ: 2004-2005 թվականներից նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ: Ռոբերտ Աբրահամյանը առանձնացրեց հատկապես «Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Ռոբերտ Աբրահամյանի փոխանցմամբ` Եվրոհանձնաժողովի եւ Հայաստանի կառավարության միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել նշված ոլորտին. «Այս ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ընտրվել են 12 քոլեջներ, որտեղ ֆինանսական ներդրումներ են կատարվել: 2008-2009 թվականներին քոլեջներում կատարվել են 810 միլիոն դրամ արժողությամբ շինարարական աշխատանքներ: 12 քոլեջներին նաեւ հատկացվել են շուրջ 2 միլիարդ դրամ արժողությամբ գույք, սարքավորումներ ու լաբորատորիաներ »: Ռ. Աբրահամյանը հավելեց, որ վերապատրաստվել են շուրջ 2200 մանկավարժներ ու արտադրական վարպետներ եւ շուրջ 250 ուսումնական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ: Խոսելով միջին մասնագիտական կրթության ասօրվա վիճակի մասին` Ռ. Աբրահամյանը նշեց, որ խորհրդային տարիներին այս ոլորտը եղել է շատ ավելի լավ վիճակում. «1990-ական թվականներից ամեն ինչ փոխվեց, եւ միջին մասնագիտական կրթությունը կարծես թե դուրս մնաց պետական հոգածությունից եւ ուշադրությունից»: Վերջին 5-6 տարիներին կրթության այս ոլորտը կարծես սկսեց վերակենդանանալ, ինչը պայմանավորված է նաեւ մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:

Մյուս բանախոսը` մասնագիտական կրթության եւ ուսուցման ազգային փորձագետ Մարինե Հակոբյանը, նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության համակարգում կարեւորեց սոցիալական գործընկերության հարցը. «Այսինքն` անմիջական պատվիրատուն գործատուն է, նա է չափորոշիչ մշակողը, որը պետք է նաեւ գնահատի կրթության որակը»: Իսկ Ռոբերտ Աբրահամյանը հավելեց, որ կրթություն-բիզնես կապի հաստատումն անհրաժեշտություն է:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4