Գեներալ-մայոր Արմադի Տեր-Թադեւոսյանի գնահատմամբՙ հայկական բանակը ժառանգել է խորհրդային բանակի կառուցվածքը` իր լավ եւ վատ կողմերով: Թեպետ վատ կողմերից շատերը մինչ այսօր պահպանվում են, սակայն կամքի ուժի պարագայում խնդիրները կհաղթահարվեն: Այս առումով ուսանելի է Իսրայելի օրինակը, որտեղ ոչ միայն հայկական բանակին էլ բնորոշ «դեդովշչինան», այլեւ բազմաթիվ վատ երեւույթները կարճ ժամանակամիջոցում վերացան:
Նրա բնութագրմամբՙ բանակում տեղի ունեցող իրադարձությունները ողբերգություններ են, որ վաղուց էին հասունանում:
«Մի՞թե հրամանատարները չէին տեսնում, թե ինչ է կատարվում բանակում: Ինչո՞ւ չէին փորձում կանխել: Հրամանատարները չեն ցանկանում թերությունները ցույց տալ, ոչ թե մենք պետք է այդ թերությունները մատնացույց անենք, այլ հրամանատարները գտնեն, փորձեն շտկել, սակայն այսպիսի համակարգի պայմաններում նրանք վախենում են խոսել` գիտակցելով, որ խիստ պատժի կենթարկվեն»:
Կոմանդոսի մեկնաբանությամբՙ միայն զենքով եւ սպառանազինությամբ անհնար է ուժեղ բանակ ստեղծել. պատերազմում հաղթում է մարդկային գործոնը, մինչդեռ նման դեպքերի հետեւանքով ամենաուժեղ գործոնը` մարդկայինը, թուլանում է: «Ազգի» հարցին ի պատասխան Կոմանդոսն ասաց, որ խորհուրդ տալն ամենահեշտ բանն է, սակայն նախարարը պետք է շեշտը մարդկային գործոնի հարցի վրա դնի ու լուծումներ գտնի: «Ո՞վ է զբաղվում այդ հարցով, ո՞վ է պատասխանատվություն կրում մարդկային գործոնի համար: Պետք է այս հարցը լուծել, այլ ոչ թե մի ավագ լեյտենանտ գտնել ու մի քանի տարով ազատազրկման դատապարտել»:
Վերջերս դիրքերում տեղի ունեցած միջադեպը, երբ 4 զինվոր սպանվեց, Կոմանդոսն անվանում է խմբակային «ռազբորկա»: Պատճառներից են նաեւ հեռուստատեսությունն ու կիսաբանդիտական բովանդակությամբ սերիալները, որոնց հերոսներին զինվորները փորձում են կրկնօրինակել բանակում:
«Ազգի» խնդրանքով անդրադառնալով բանակի խնդիրներինՙ Կոմանդոսն առանձնացրեց նորակոչիկների հոգեբանական ադապտացիան: «Մինչ բանակում ծառայելը պետք է տղաներին հոգեբանորեն պատրաստել»:
Նրա մեկնաբանությամբ, զինվորները պետք է կարողանան ազատ շփվել ծնողների հետ, այս առումով վերջերս նախարարի հրամանը` կապված հեռախոսազանգերի հետ, կարեւոր ու տեղին է: «Կարեւոր հարց է նաեւ, թե ինչպես պետք է զինվորները տնօրինեն իրենց ազատ ժամանակը: Պետք է մշակութային միջոցառումներ անցկացվեն, միայն «Հայ զինվոր» թերթը բավարար չէ, անհրաժեշտ են կինոթատրոններ, մարզադահլիճ, երբեմն անհրաժեշտ է թատերական ներկայացումներ կազմակերպել: Բանակից պետք է պատանին վերադառնա որպես ուժեղ տղամարդ»:
Նրա մեկնաբանությամբՙ պատերազմի վերսկսման հավանականությունը երբեք չպետք է անտեսել, սակայն այս պահին Ադրբեջանն ընդամենը բլեֆ է անում, կրտսեր Ալիեւն էլ հիասթափված ժողովրդին փորձում է ռազմատենչ ելույթներով հանգստացնել: Նա հավելում է, որ հաճախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց ելույթներով եւ գործունեությամբ տրամադրում են, որ Ալիեւը ռազմատենչ հայտարարություններ անի, բայց պատերազմը չի սկսվի, որովհետեւ այս պահին Ալիեւի համար շատ ավելի կարեւոր է իր հարստության պահպանումը, իսկ հարստության հիմքը նավթահորերն են:
Հ. Հ.