Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Սլովակիայում:
Պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Սեյրան Օհանյանը եւ Լյուբոմիր Գալկոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սլովակիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագիրը, որով նախատեսվում է համագործակցություն հետեւյալ հիմնական ոլորտներում` ռազմական կրթություն եւ զինվորական անձնակազմի մասնագիտացված ուսուցում, ռազմական բժշկություն, խաղաղապահություն, պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում փորձի փոխանակում եւ այլն:
Սեյրան Օհանյանը այցելել եւ ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայի կենտրոնում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանին:
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբՙ երեկ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայից մեկնեց Հունգարիա, որտեղ նույնպես նախատեսված են քննարկումներ երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցերով:
Հ. Ա.