Ուրանի ուրվականի դեմ հասարակական կազմակերպությունների եւ սյունեցիների պայքարը մեկ տարվա պատմություն ունի: Կառավարության 228 որոշման եւ Լեռնաձոր համայնքում ուրանի հանքերի շահագործման վերաբերյալ պատահական են իմացել ու սկսել քայլեր ձեռնարկել ծրագրի դեմ. վերջինը Կապանի հրապարակում մեծ հանրահավաքն էր: Սակայն դա էլ արդյունք չտվեց.
Այս պահին Լեռնաձորում հորատման երկրորդ մեքենան է աշխատում:
2009 թ. օգոստոսի 4-ին հասարակությանը ներկայացվեց հետախուզական աշխատանքների վերաբերյալ կառավարության որոշումը: Այդ օրը Կապանի «Օրհուս» կենտրոնում հասարակական լսումներ են անցկացվել, բայց Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Ղազարյանի ներկայացմամբՙ հասարակությանը պատշաճ կերպով չէին տեղեկացրել լսումների մասին, մասնակիցների 70 տոկոսը բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներն էին:
Կեղծվել է նաեւ լսումների արդյունքը: Կազմակերպիչները հայտարարել են, որ ծրագրի իրականացմանը մասնակիցները կողմ էին, մինչդեռ լսումների արձանագրությունները ապացուցում են, որ գոհ էին միայն երկու նախարարությունների ներկայացուցիչները:
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը «Արմատում» նշում էր, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունները, թե ուրանի շահագործման ծրագիրը ռիսկեր չի պարունակում, անհիմն են:
«Ոչ մի փորձաքննություն, ոչ մի հիմնարկ, կազմակերպություն չի ընդգրկվել ռիսկի գնահատման գործընթացին: Չունենք կազմակերպություն, որը կգնահատի առողջական ռիսկերը, երբ դա իրականացվում է ուրանային ծրագիր»:
Մի քանի օր առաջ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը հայտարարել էր, որ մասնագետները հետազոտություններ են կատարել, որ ծրագիրը ռիսկեր չի պարունակում: «Ինչպե՞ս կարող եք խոսել անվտանգության մասին, երբ այնտեղ ռիսկը գնում է գրունտային եւ ստորերկրյա ջրերի մակարդակով: Ուրանը շատ ագրեսիվ տարր է, եթե հանքում որեւէ գործունեություն ծավալենք, այնտեղ կարող են վտանգավոր պրոցեսներ սկսվել»: Զառաֆյանը նշում է, որ պայմանները բացակայում են անկախ փորձագիտություն իրականացնելու համար: Էներգետիկայի նախարարությունը որպես փորձագիտության արդյունք ներկայացնում է ատոմակայանի տեսակետը, մինչդեռ ատոմակայանն էլ շահագրգիռ կողմերից մեկն է:
Բնապահպանը ներկայացնում է Ռուսաստանի օրինակը` հավելելով, որ այնտեղ տարիներ շարունակ շահագործվում են ուրանի հանքերը բաց եւ փակ եղանակով: Պաշտոնական տվյաներով այն քաղաքներում որտեղ շահագործվում են ուրանի հանքերը, արատավոր երեխաների հիվանդության ցուցանիշը երկու անգամ բարձր է, քան ամբողջ Ռուսաստանում:
Երբ Արմեն Մովսիսյանը հայտարարում է, որ այս պահին խոսքը ուրանի հանքերի հետախուզական աշխատանքների մասին է, չի նշում, որ կառավարության որոշումով կա ուրանային ծրագրի ամբողջական փաթեթ, որտեղ խոսվում է ոչ միայն հետախուզման, այլեւ շահագործման եւ վերամշակման, ռադիոակտիվ տարրերի համար գերեզմանոց կառուցելու մասին:
«Եթե Սյունիքի մարզում գործում են 3 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ եւ իրենց աշխատանքով վնաս են հասցնում տարածաշրջանին, կառավարությունը չի կարողանում աշխատանքներ տանել այդ պրոցեսները նորմալ հունի մեջ դնելու համար, ի՞նչ ուրանի ծրագրի մասին է խոսքը: Ուրանը պղինձ չէ, մոլիբդեն չէ», ասաց Արթուր Ղազարյանը:
Կապանի, Լեռնաձորի եւ Քաջարանի ավագանիները արդեն դիմել են կառավարությանը` պահանջելով հետ կանչել ուրանի ծրագրի վերաբերյալ որոշումները: Սյունիքի մարզում ուրանի ծրագրի դեմ հավաքվել է 11 հազար ստորագրություն, ծրագրին դեմ է նաեւ Սյունիքի մարզպետը, ում ներկայացուցիչը Կապանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ դեմ է ծրագրին ու կանգնած է հասարակության կողքին:
Սյունեցիների նամակներ են ուղարկել վերոնշյալ երկու նախարարներին, սակայն նամակները մնացել են անպատասխան: Խնդրին չեն արձագանքել նաեւ Սյունիքից ընտրված պատգմավորները: Սյունեցիները եւ մի խումբ ՀԿ-ներ պատրաստվում են կոլեկտիվ հայցով դիմել դատարան եւ չեղյալ համարել կառավարության որոշումը: Նրանց հիմնական պահանջը հասարակության անվտանգության պահպանումն է: «Եթե կառավարությունը մեզ տրամադրի փաստաթղթեր, եթե անկախ փորձագետները փաստեն, որ հանքի շահագործումը վտանգ չի պարունակում, մենք դեմ չենք լինի: Բայց այդպիսի փաստաթղթեր նրանք չեն կարող ներկայացնել», ասաց Արթուր Ղազարյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ