170 աշխատատեղ` 206 հազար միջին աշխատավարձով
Երեկ Երեւանում պաշտոնապես բացվեց տարածաշրջանում միակ եվրոպական չափանիշներին համապատասխանող մեկնարկային մարտկոցների արտադրման «Էլբատ» գործարանը: Նախատեսված է, որ այն տարեկան կարտադրի 300 հազար մարտկոց տարբեր տեսակի մարդատար ու բեռնատար մեքնենաների համար: Ըստ հաշվարկների, միայն 170 հազարը կարելի է սպառել հայաստանյան շուկայում, մյուս մասի արտահանման համար այժմ բանակցություններ են ընթանում: Արդեն հետաքրքրություն են ցուցաբերել վրացի գործարարները: Գործարանի բացման արարողությանը ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Նրանք գործարանի ղեկավարության հետ շրջեցին գործարանում, ծանոթացան աշխատանքային պայմաններին ու գործարանի հնարավորություններին:
«Էլբատ» ընկերության խորհրդի նախագահ Սամվել Աբրահամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2007-ին ստեղծված գործարանի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերը գերմանական «Քրոնմիթ Մայնինգ» գերմանական ընկերությունն է, մյուս 49 տոկոսը հայկական կողմի ձեռքում է: Ըկերության ղեկավարը վստահեցրեց, որ մարտկոցները կլինեն բարձրորակ, 45-210 ամպերաժով, եվրոպական երկրներից ներկրված մարտկոցների գնի համեմատ մատչելի կլինի, իսկ մյուս երկրներից ներկրվածների համեմատ միգուցե բարձր կլինեն: Գործարանի ստեղծման համար 2008-2010 թվականների ընթացքում կատարվել է 175 մլն եվրոյի ներդրում: Գործարանում այս պահին աշխատում է 145 մարդ: Նախատեսվում է այդ թիվը հասցնել 170-ի, միջին աշխատավարձը 206 հազար դրամ է: Ս. Աբրահամյանն ասաց, որ աշխատողները վերապատրաստում են անցել ու շարունակում են վերապատրաստվել եվրոպացի բարձրակարգ մասնագետների մոտ: Վերջիններս դեռ մի քանի ամիս կօգնեն հայաստանցի սկսնակ գործընկերներին:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթըՙ ողջունելով ներկաներին, նշեց, որ դեսպանատունն իր առջեւ խնդիր է դրել հնարավորինս մեծ թվով գերմանացի ներդնողներ բերել Հայաստան: Դեսպանի խոսքով, Հայաստանում ներդրումներ կատարելու միջավայրը լավ է, սակայն բարելավման կարիք ունի, պետք է հարկային բարեփոխումներն առավել ինտենսիվ իրականացվեն:
Հ. Ա.