«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2010-11-20 | #215, 2010-11-23 | #216, 2010-11-24


ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ ՄԱՍԻՆ

Երեկ նախագահ Սարգսյանը այցելել եւ մասնակցել է ԵՊՀ-ում ընթացող Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովին: Նախագահը վճիռը որակել է 20-րդ դարի պատմության մեջ հայերի համար ամենակարեւոր իրադարձություններից մեկը, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը, վերացվեին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանության հետեւանքները. «Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում եւ ամրագրվում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը:

Օրինադավությունը եւ բիրտ ուժը խոչընդոտեցին ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը կյանքի կոչելուն: Այդուհանդերձ, դրա նշանակությունը չի կարելի թերագնահատել. այդ որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար եւ իրավական ուժ:

Առաջին աշխարհամարտի ավարտին փլուզվեցին կայսրություններ, եւ Եվրոպայի մի շարք ժողովուրդներ ստացան իրենց ազգային պետությունները ստեղծելու ճանապարհով ինքնորոշվելու հնարավորություն: Նախագահ Վիլսոնը ցանկանում էր, որ Հայաստանը լինի նրանցից մեկը եւ օգտվի եվրոպական քաղաքակրթության ընձեռած բոլոր հնարավորություններից: Նա գիտեր, թե ինչ է նշանակում մեծ երկրի պատասխանատվությունը, նա չէր անտեսում փոքրաթիվ ժողովուրդների տառապանքները:

Անգամ այսօր, իր պատմական ավանդի ուժով, Վուդրո Վիլսոնը հորդորում է ամրապնդել միջազգային օրինականությունը, կանխել ցեղասպանությունները եւ միջոցներ ձեռնարկել բիրտ ուժի ամենաթողությունը խափանելու ուղղությամբ: Նա այն մարդն է, ում երախտապարտ հայ ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես արդարության ջատագովի եւ իսկական բարեկամի», ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով գիտաժողովում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4