«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2010-11-20 | #215, 2010-11-23 | #216, 2010-11-24


ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ «ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԵՏՆՈՐԴՆԵՐ» ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Նոյեմբերի 14-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի փողային նվագախմբի հոբելյանական համերգըՙ նվիրված նվագախմբի հիմնադրման 10-ամյակին:

1988 թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով իրենց գործունեությունը դադարեցրին մի շարք երաժշտական կոլեկտիվներ, այդ թվում քաղաքի բոլոր փողային նվագախմբերը, որոնց թիվը հասնում էր 15-18-ի: Տասը տարի շարունակ իսպառ դադարեց փողային երաժշտությունը, անհետացան գործիքներ: Անհրաժեշտ էր փողային երգարվեստը գնահատող հոգատար անձ: Եվ 2000թ.-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, կարեւորելով փողային երաժշտության դերն ու նշանակությունը, ձեռնամուխ եղավ «Վարդանանց հերտնորդներ» փողային նվագախմբի կայացման գործին: Թեմի նյութական միջոցներով ձեռք բերվեցին մեծաքանակ փողային գործիքներ եւ երաժշտական գրականություն: Թեմակալ առաջնորդի անմիջական նախաձեռնությամբ Միացյալ Նահանգներից բերվեցին 50 բարձրորակ տարբեր տեսակի թմբուկներ, որոնք առանձնակի շուք են հաղորդում քաղաքային եւ մարզային տոնակատարություններին եւ շքերթներին: Այսօր նվագախումբը ապահովված է արտասահմանյան արտադրության անհրաժեշտ գործիքներով, գույքով եւ հանդերձանքով:

Նվագախմբի գործունեության տասը տարիներն անցել են տքնաջան աշխատանքով վաստակած հաջողություններով ու նվաճումներով: Ստեղծման տարիներին նվագախմբի կազմում ընդգրկված էին ընդամենը 14-16 երաժիշտներ, իսկ այսօր արդեն նվագախումբը իր տասներորդ հոբելյանը դիմավորում է շուրջ 30 երաժիշտներով: Գործունեության ընթացքում նվագախումբը մասնակցել է համահայկական, հանրապետական ու միջազգային բազմաթիվ փառատոների, արժանացել մրցանակների ու պատվոգրերի (2004 թ., Երեւան, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոն, 2009 թ., Աջարիա-Բաթում. միջազգային ֆոլկլորային փառատոն, 2010 թ., Բաթում. «Ոսկե դելֆին» միջազգային փառատոն եւ այլն):

Միջոցառմանը նվագախմբին իր օրհնության եւ բարեմաղթանքի խոսքն ուղղեց թեմակալ առաջնորդը: Բազմաթիվ շնորհավորանքի եւ երախտագիտության խոսքեր հնչեցին նաեւ մարզպետարանի, քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաեւ նվագախմբի նախկին սաների եւ ծնողների կողմից:

Համերգը ղեկավարում էին նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր խմբավար Մելս Մատինյանը եւ նվագախմբի խորհրդատու-խմբավար Վլադիմիր Ռապացկին:

Համերգին մասնակցություն ունեցան Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու եւ քաղաքապետարանի կամերային երգչախումբը, Ստեփանավանի եւ Դիլիջանի քաղաքապետարանների փողային նվագախմբերը, Վանաձորի կայազորի զինվորական նվագախումբը: Հնչեցին «Սասունցիների պար», «Հարսանեկան քայլերգ», «Զինվորական քայլերգ», Ռավելի «Բոլերո» եւ այլ ստեղծագործություններ:

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4