«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2010-11-23 | #216, 2010-11-24 | #217, 2010-11-25


ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ Է, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

2009 թվականի համեմատությամբ անչափահասների հանցագործությունների թիվն այս տարի նվազել է 21-ով: Երեկ այս մասին լրագրողներին ասաց ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը : 2010 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների կատարած հանցագործությունների 390 դեպք, իսկ 2009-ի նույն ժամանակահատվածում` 411 դեպք: Անչափահասների հանցագործությունների, խուլիգանությունների թիվը նվազել է, սակայն ավելացել են ինքնասպանություն կատարելու փորձերն ու դեպքերը: Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ այս տարի արդեն գրանցվել է անչափահասների ինքնասպանության 38 դեպք, որից 13-ը մահվան ելքով, իսկ անցյալ տարի գրանցվել է անչափահասների ինքնասպանության 23 դեպք: Ինքնասպանության շարժառիթներն ու իրական պատճառները տարբեր են: Ինքնասպանությունների թիվն ավելացել է ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում, եւ ինչպես տեսնում ենքՙ անչափահասների տարիքային խմբում ինքնասպանության դեպքերը նույնպես ավելացել են: «Հենարան» ակումբում Նելլի Դուրյանը կոչ արեց զանգվածային լրատվամիջոցներին հնարավորինս հեռու մնալ դրոշմներ դնելուց. «Պետք է սպասել քննության ավարտին ու արդյունքներինՙ տեսնելու համար, թե ինչո՞ւ անչափահասն ինքնասպանություն գործեց, արդյոք նա էմո՞ էր, թե՞ ոչ»:

Անդրադառնալով թրաֆիքինգի ու մուրացկանության դեպքերին` Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ այս տարվա 10 ամիսներին արձանագրվել է անչափահասների թրաֆիքինգի 2 դեպք, իսկ մուրացկանության վերաբերյալ նշեց. «Ոստիկանությունը միշտ զբաղվել է մուրացկանների հիմնախնդիրներով` չնայած սա սոցիալական ծագում ունեցող խնդիր է: Այլ երկրներում մուրացկանության խնդիրներով զբաղվում են սոցիալական աշխատողները, բայց մեզանում այդ ինստիտուտը տարիներ շարունակ բացակայել է»: Հետեւողական աշխատանքի շնորհիվ մուրացկանությամբ զբաղվող անչափահասների թիվը նվազել է: 10 տարի առաջ մուրացկանություն անելու համար հաշվառված էին շուրջ 300 անչափահասներ, իսկ այսօր` 20: Այս հարցում կանխարգելող գործողությունները շատ կարեւոր են: Տարիներ շարունակ զբաղվելով մուրացկանությամբ` երեխայի համար մուրացկանությունը դառնում է կենսակերպ ու աշխատանք: Անգամ չափահաս դառնալուց հետո նա շարունակում է մուրացկան մնալ:

Կրկին անդրադառնալով հանցագործություններին` Նելլի Դուրյանն ավելացրեց, որ վերջին տարիներին հիմնական հանցատեսակը, որը կատարում են անչափահասները, գողությունն է: Անչափահասների կատարած հանցագործությունների ցուցանիշը Հայաստանում ավելի ցածր է, քան Ադրբեջանում եւ Վրաստանում: Հայաստանում, սակայն, ավելացել են սառը զենք` դանակ, կտրող գործիք, կրելու դեպքերը, որոնք վերաբերում են անչափահասներին: Այստեղ բանախոսը կարեւորեց ծնողների ուշադրությունը: Վերջիններս պետք է զգոն լինեն եւ հետաքրքրվենՙ արդյոք երեխայի իրերի մեջ կա՞ դանակ կամ որեւէ սուր, կտրող գործիք, որտեղի՞ց է դա ձեռք բերել եւ ինչո՞ւ:

Նելլի Դուրյանը նաեւ խոսեց երեխաների նկատմամբ կատարվող բռնություններից: 2009-ի համեմատությամբ այս տարի դրանց թիվն ավելացել է. անցյալ տարի գրանցվել է 110 դեպք, իսկ այս տարի` 140 դեպք: «Ունենք նաեւ անչափահասների առեւանգման դեպքեր, որոնք կատարվել են հիմնականում ամուսնության նպատակով», ասաց բանախոսը եւ ընդգծեց. «Բռնությունների առումով առաջին տեղում ֆիզիկական բռնություններն են, հետո` սեռական: Ամենուր` թե՛ փողոցում, թե՛ ընտանիքում, անչափահասների նկատմամբ բռնությունն առկա է»:

Երեխաները մշտապես պաշտպանության կարիք ունեն: Երեխայի կյանքում թերեւս ոչ ոք այնքան մեծ դեր չի խաղում, որքան ծնողները: Եթե երեխայի հանդեպ բռնություն է կիրառվել կամ շարունակում է կիրառվել, ծնողները լավ կլինի, որ ժամանակին, առանց ամաչելու բռնության մասին հայտնեն պատկան մարմիններին:

Շարունակելով խոսել կանխարգելող աշխատանքներիցՙ բանախոսը տեղեկացրեց. «Այսօր մենք իրականացնում ենք պետական ծրագիր. ոստիկանության անչափահասների գործերով տեսուչն աշխատում է 11 դպրոցներում»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4