«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2010-11-23 | #216, 2010-11-24 | #217, 2010-11-25


«ՏԱՆԸ ԱՆԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ, 3 ՀՈԳՈՎ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՂՈՔԵՆ»

Քաղաքական ուժերը` ընտրական օրենսգրքի մասին

ՀՀ ընտրական օրենսգրքում (ԸՕ) առաջարկվող փոփոխություններն ու դրանց իրավական, հասարակական եւ քաղաքական հետեւանքների վերաբերյալ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել: Խորհրդարանական կոալիցիան դրական վերաբերմունք է արտահայտել ԸՕ փոփոխված տարբերակի վերաբերյալ, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը քննադատել է օրինագիծը եւ պատրաստվում է այլընտրանքային նախագիծ ներկայացնել: Երեկ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ ՄԱԱ-ում տեղի ունեցավ քննարկում:


Քննարկմանը ՕԵԿ-ը հրաժարվել էր մասնակցել, ՀՅԴ-ն էլ ներողություն խնդրել ու չներկայացել: Քննարկմանն ընդամենը մի քանի րոպեով ներկա գտնվեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, գրություն թողեց` խնդրելով ակումբավարին այն հրապարակել ու հեռացավ: Սակայն ՄԱԱ ակումբավարը հրաժարվեց Հայրիկյանի կարծիքը հրապարակել: Ավելի ուշ Հայրիկյանի հետ «Ազգի» զրույցում պարզվեց, որ նա ընդամենը գրել է. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում ու ընտրական օրենսգրքի հետ կապված, էական որեւէ բան չի կարող փոխել Հայաստանի ընտրական համակարգում»: Թե ինչու էր ակումբավարը հրաժարվում այն հրապարակել, զարմացրեց ոչ միայն լրագրողներին, այլեւ Պարույր Հայրիկյանին: Ինչ վերաբերում է քննարկմանը` բուռն էր ու փոխադարձ «կծոցիներով»:

ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանի մեկնաբանությամբՙ փոփոխված նախագծում փորձել են շտկել այն բացթողումներն ու թերությունները, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ գրանցվել են: «Հանձնաժողովի ձեւավորման նոր կարգը քաղաքական ուժերին հնարավորություն կտա հավասար դաշտում ներկայացնելու գաղափարները»: Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային հանձնաժողովները կձեւավորի ՀՀ նախագահը: Հանձնաժողովի ձեւավորման համար մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՀՀ փաստաբանների պալատն ու Վճռաբեկ դատարանը կներկայացնեն 5-ական թեկնածու, որոնցից կընտրվի 7 հոգուց բաղկացած հանձնաժողով, իսկ տեղամասային հանձնաժողովները կձեւավորեն ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Լրատվամիջոցներով ծավալվող քարոզչությունն ու քաղաքի կենտրոնական վայրերում թեկնածուների պաստառները կփակցվեն հավասարության սկզբունքով:

Որպես կոալիցիայի անդամՙ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը «ստորագրեց» Հովհաննես Սահակյանի խոսքերի տակ` հավելելով, որ ընտրական օրենսգիրքն անընդհատ կատարելագործվում է` բացառելով նախընտրական եւ հետընտրական կրքերը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի մեկնաբանությամբՙ ընտրական գործընթացի համար անհրաժեշտ է քաղաքական կամք: «Այս օրենսգիրքը հետընթաց է տանում, միայն հանձաժողովների ձեւավորման սկզբունքը բավական է դա հասկանալու համար: Հանձնաժողովների երկու աստիճանը ձեւավորում է նախագահը, իսկ մենք գիտենք, թե ինչ է կատարվում տեղամասերում, ամենից շատ լցոնումներն ու կեղծիքները հենց տեղամասերում են կատարվում: Պետությունն ամբողջական պատասխանատվությունից խուսափում է»: Հակոբյանին անհասկանալի է, որ իշխանությունները հրաժարվում են ընտրություններից հետո ընտրողների ցուցակները փակցնել տեղամասերում: «Առաջարկությունը մերժում են, սակայն հիմնավորում չկա»: «Ժառանգության» ներկայացուցչին մտահոգում է մեծամասնական եւ համամասնական ընտրակարգը: Վերլուծելով նախորդ տարիների փորձը պետք է անցնել համամասնական ընտրակարգի, առաջարկում է Հակոբյանը` ընդգծելով, որ քրեական հանցագործությունների մեծ մասը կատարվում են մեծամասնական ընտրատարածքներում: «Եթե դեմ եք մեծամասնական ընտրակարգի վերացմանը, գոնե կրճատեք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը: Նրանք իրենց ագրեսիվությամբ եւ հանցագործությամբ են տեղ ապահովում խորհրդարանում: Կան մեծամասնական ընտրված պատգամավորներ, որ 10 տարվա ընթացքում մեկ անգամ միկրոֆոնին չեն մոտեցել»:

«Ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչն էլ նշում է, որ իշխանությունը գաղտնիություն չի ապահովում, մեծամասնականով ընտրվում են թաղային հեղինակությունները, որոնք հետո համալրում են ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի շարքերը:

«Երբ ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ սկսում է քիչ ձայն հավաքել ընկնավորում են, ինֆարկտ ստանում: Չգիտեն ոնց անեն, որ իրենց ձայները շատ լինեն, դրա համար էլ լցոնում են, կեղծ սոցիոլոգների բերում, սուտիբեկյանների վարձատրում, որ նախօրոք ասեն, թե ով է հաղթելու, որ ժողովրդին տարակուսանքի մեջ գցեն»: Կարապետիչի խոսքերովՙ Երեւանի ավագանու ընտրության ժամանակ տեղամասերից մեկում քվեատուփերը թարս էին դրված: «Մինչեւ զգուշացրինք, արդեն իրենց գործն արել էին: Ինչքան ծիրան ծախող կա, դարձել է ՀՀԿ անդամ, ինչքան Ավշարում գինի արտադրող կա, դաշնակ է», նշեց Տիգրան Կարապետյանը:

«Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանին էլ մտահոգում են դիտորդներին վերաբերող կետերը: «Նոր նախագծով դիտորդները պետք է համապատասխան կրթություն ստանան, սակայն չի ասվում, թե ով է կազմակերպելու ուսուցումը, որքան ժամանակով եւ ինչ ռեսուրսների հիման վրա»: Համբարձումյանը աբսուրդի ժանրից է որակում արտասահմանում ապրող հայերի համար լրացուցիչ ցուցակների կազմումը: «ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում ապրող հայը, որ գնացել է գումար վաստակի, իր ընտանիքը պահի, պետք է իր հաշվին տոմս առնի, որ մի օրով գա Հայաստան եւ ընտրության մասնակցի ու գնա՞»:

ԱԺՄ ներկայացուցիչ Անահիտ Դավոյանն էլ նշում է, որ հաջորդ ընտրությունը միշտ ավելի վատն է, քան նախորդը, արտախորհրդարանական ուժերն էլ դուրս են մղվում եւ որեւէ կերպ ընտրությունների ընթացքին ազդելու հնարավորություն չեն ունենում:

Նախագիծը պաշտպանելու եւ քննադատությանը որեւէ կերպ արձագանքելու համար էլ ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը ասաց. «Եկել եք, մի քանի ուժով ուզում եք իշխանությունը վերցնել: Չեն տա ձեզ»:

«Ձեզ էլ չեն տա», հակադարձեց Կարապետիչը` նկատի ունենալով հանրապետականներին: «Մեր քաղաքական ուժ կոչեցյալներից որոշներըՙ անելու բան չկա, մտածել են` տունը մնալ, աշխատել պետք չէ, ավելի լավ էՙ 3 հոգով հավաքվենք ու պարզապես բողոքենք»: «Նրանք Հանրային խորհրդում են», դիտարկեց Կարապետիչը Բոստանջյանին հիշեցնելով, որ նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ է. «Փոխանակ ձեր կուսակցության շահերը պաշտպանեք, իշխանությանն եք պաշտպանում` ՀՀԿ-ին, որը մրցակից է ձեզ, եւ վաղը ձեր դեմ է հանելու ամեն ինչ»:

«Ճիշտ է ասում», համաձայնեց Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ այդ կապակցությամբ ինքը մեկ անգամ արդեն արտահայտվել է` ԲՀԿ-ն 99.9 տոկոս ձայն է հավաքելու:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4