«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2010-11-23 | #216, 2010-11-24 | #217, 2010-11-25


ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կյանքի նկատմամբ հարձակումները մտահոգում են հասարակությանը:

Երեկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի դիմացՙ Կոմիտասի արձանի հարեւանությամբ, մշակութային շուրջ 100 անվանի գործիչներ` գրողներ, դերասաններ, նկարիչներ, քանդակագործներ, կոմպոզիտորներ եւ ճարտարապետներ, բողոքի ձայն էին բարձրացրել ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի:

«Ազատամիտ եւ ազատասեր մարդ եմ, հարգում եմ ազատ խոսքը, ամեն մի կաշկանդում ազատ խոսքի հանդեպ վրդովեցնում է», ասաց դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը :

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի մեկնաբանությամբՙ Հայաստանը մտավորականների երկիր է: Փաստը, որ ակցիային մասնակցում է շուրջ 100 մտավորական, չպետք է ուրախացնի: «Նրանց թիվը պետք է ավելի մեծ լիներ», նշեց նա:

Դերասան Աշոտ Ադամյանը համոզված է, որ մարդիկ ցանկանում են ապրել ազատ խոսքի երկրում, իսկ նման ակցիաների ժամանակ հնչող պահանջները սովորաբար տեղ են հասնում:

«Վստահ ենք, որ Հայաստանին` որպես եվրոպական արժեքներ դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության, միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանիցՙ կիսում ենք նրա քաղաքական հայացքները, թե ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի արձակման հարցը` ի կատարումն Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների», ասված է մտավորականների տարածած հայտարարության մեջ:

Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, տեղեկացրեց, որ Փաշինյանի առողջական վիճակը լավ է, սակայն նա շարունակում է մնալ պատժախցում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4