Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգահան Կարեն Գրիգորյանը հետեւյալ դժգոհությունը հայտնեց. «Մի քանի շաբաթ առաջ տեղեկացա, որ Հայաստանից դուրս գտնվող մի շարք կայքերում ներկայացվել է իմ հեղինակային երգերի ձայնասկավառակն առանց թուլյտվության»: Այդ կայքերի մեջ կան այնպիսիները, որոնք պատկանում են Ադրբեջանին ու Վրաստանին: Ադրբեջանական կայքերում Կարեն Գրիգորյանի երաժշտությունը ներկայացվել է որպես ադրբեջանական, իսկ երգահանն էլ` ադրբեջանցի: Երբ Կարեն Գրիգորյանը նամակով դիմել է, որ իր հեղինակային երգերը հեռացվեն կայքերից, ստացել է շատ կոպիտ պատասխան. «Ինձ ասացին. «Ո՛չ դու առաջինն ես, ո՛չ էլ վերջինը, բոլորին էլ անում ենք ու շարունակելու ենք անել»: Այս պատմության մեջ, սակայն, ամենատգեղն ինձ համար այն էր, որ ադրբեջանական կայքերը փոխել էին անունս ու ներկայացրել ադրբեջանցի: Դա ինձ համար վիրավորական է. ես Հայաստանի քաղաքացի եմ»: Կարեն Գրիգորյանը հավելեց, որ խոսքը իր «Emotions» ձայնասկավառակի մասին է, որը ներկայացվել է առանց թույլտվության: Ձայնասկավառակն ընդգրկում է 14 երգ, իսկ ուղղվածությունն, ըստ երգահանի, հայկական ժամանակակից փոփ երաժշտությունն է:
Հեղինակային իրավունքի ոտնահարման այս դեպքն իսկապես ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, սակայն չբացառենք, որ հեղինակային իրավունքները խախտվում են ոչ միայն Հայաստանից դուրս, այլեւ մեր երկրում: Երբեմն օտար երկրում հայ հեղինակների իրավունքները խախտողը, կայքերում առանց թույլտվության նրանց երաժշտությունը ներկայացնողը լինում են հենց մեր հայրենակիցները:
Կարեն Գրիգորյանը խորհրդակցել է Հայաստանի լավագույն իրավաբանների հետ, նրանք պատասխանել են որ ադրբեջանցիների դեմ դատական գործ սկսելն անիմաստ է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկա որեւէ հարաբերություն: Առահասարակ, հեղինակային իրավունքի հարցով որեւէ երկրում դատական գործ սկսելն իրատեսական չէ:
Ասուլիսի մյուս բանախոսը` «Armenian music centre»-ի տնօրեն Սամվել Ամիրաբյանը նշեց, որ դատական գործ սկսելու համար բավականին գումար է հարկավոր: Օրինակ` դատը պետք է լինի Միացյալ Նահանգներում, իսկ Հայաստանում ո՞վ կծախսի 100-150 հազար դոլար եւ կմեկնի ԱՄՆ դատական գործի համար: «Փոքր ֆիրմաները չունեն այդքան գումար»:
Կարեն Գրիգորյանը կարծում է, որ այս խնդրի մասին այնուամենայնիվ անհրաժեշտ է բարձրաձայնել: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փոխնախագահ Արամ Ոսկանյանը նույնպես ներկա էր ասուլիսին: Նա նշեց, որ Հայաստանում պետք է մեդիագրագիտություն լինի. «Լավագույն տարբերակը հասարակությանը մեդիագրագիտության ծրագրերով զինելն է»:
Ի. Պ.