Պարզել են «Հայաստանի եվրոպացի բարեկամները»
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում հանրային կարծիքի հարցում է իրականացրել: Հայաստանյան հետազոտության արդյունքները հրապարակվեցին նոյեմբերի 23-ին: «Ազգը» գրել է այդ մասին: Երեկ «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում հրապարակվեցին Լեռնային Ղարաբաղում անցկացված հետազոտության արդյունքները: Հետազոտությունը Ստեփանակերտում եւ Լեռնային Ղարաբաղի 5 շրջաններում` Ասկերանում, Հադրութում, Մարտակերտում, Մարտունիում եւ Շուշիում, իրականացվել է հոկտեմբերի 22-26-ին: Այն կատարվել է 804 դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հարցերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքին, ԼՂ հակամարտությանը, Եվրոմիությանը, ԵԱՀԿ-ին եւ Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար դոկտոր Մայքլ Քեմբեքը երեկ նշեց, որ Հայաստանում եւ ԼՂ-ում անցկացված հետազոտությունները փոխկապակցված են: Անդրադառնալով իրենց հասցեին հնչած քննադատություններին, որոնք տպագիր մամուլում երեւան եկան հետազոտության հայաստանյան արդյունքները հրապարակելուց հետո, Մայքլ Քամբեքը նշեց. «Մտածեցիՙ կարելի է զանգել այդ լրագրողներին, բայց հետո իմացա, որ նրանք քարոզչություն են իրականացնում այս կամ այն քաղաքական գործչի օգտին, ուստի նրանց քննադատությունը լուրջ չընդունեցինք»:
Կապված ԼՂ-ում կատարված հետազոտությանը` Մայքլ Քեմբեքը հետեւյալ մեկնաբանությունն է տվել. «Մեր տվյալների համաձայնՙ ԼՂ-ի բնակչությունը միանշանակ խաղաղություն է ուզում, սակայն հետեւելով պատմական եւ վերջին իրադարձություններին` նրանք թերահավատորեն են մոտենում միջազգային կազմակերպությունների եւ ընկերությունների մեծամասնությանը»:
Հետազոտության հայաստանյան գործընկերը «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտն է: «Այ Փի Էս Սի» ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը տեղեկացրեց, որ հանրային կարծիքի հարցումը կատարելու համար ԼՂ աշխատանքային խումբ է գործուղվել. «Հետազոտության որակի սկզբնական ստուգումը մենք ենք կատարել, իսկ բրիտանական «Պոպուլուս» ընկերությունը որակի կրկնակի ստուգում է կատարել: «Պոպուլուսը» նաեւ վերլուծել է հետազոտության արդյունքները»: Հարցազրույցների 40 տոկոսն անցկացվել է Ստեփանակերտում, իսկ 60 տոկոսը` վերոնշյալ շրջաններում: Բացառիկ պատահականությունն ապահովելու համար տնային տնտեսություններն ընտրվել են պատահականորեն, իսկ հարցումը կատարվել է չափահաս այն անդամների հետ, որոնց ծննդյան օրն ամենամոտն է եղել հարցազրույցի օրվան: Հովհաննես Գրիգորյանի փոխանցմամբ` ԼՂ-ում իրականացված նմանատիպ առաջին հարցումը որոշ ուշագրավ սոցիալական տարբերություններ բացահայտեց. «Ղարաբաղյան հասարակությունն ինտեգրման եւ համախմբման շատ ավելի բարձր մակարդակ ունի: Հիմնական մտավախությունները կապված են խաղաղությանն ու անվտանգությանը, որոնք գնահատվում են ավելի կարեւոր, քան տնտեսական առաջընթացը կամ սոցիալական արդարությունը:
Մինչ հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «Պոպուլուս» ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Կուպերը կներկայացներ հետազոտության արդյունքները Մայքլ Քեմբեքը նշեց. «Մեզ համար շատ կարեւոր է միջազգային հարաբերությունների պահը: Մի քանի օրից Աստանայում կկայանա ԵԱՀԿ գագաթաժողովը, որը կարող է ունենալ բավականին լուրջ անդրադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա»: Այնուհետեւ Էնդրյու Կուպերը հակիրճ ներկայացրեց հետազոտության արդյունքները: Համաձայն դրանց` Ղարաբաղի ժողովրդի 80 տոկոսի կարծիքով` իրենց երկրի զարգացումն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Հիշեցնենք, որ հայաստանցիների 50 տոկոսն էր պատասխանել, որ Հայաստանի զարգացումն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Ամսի 24-ի համարում «Ազգը» այս մասին եւս գրել է: Ղարաբաղի բնակիչները կարծում են, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանը բոլոր ոլորտներում ավելի է զարգացել, քան Ղարաբաղը, իսկ Հայաստանի բնակչության կարծիքով` Ղարաբաղն ավելի է զարգացել, քան Հայաստանը: «Ինչպես ասում են, հարեւանի խոտն ավելի կանաչ է», հավելեց Էնդրյու Կուպերը:
Եթե մոտակա կիրակի Ղարաբաղում նախագահական ընտրություններ լինեն, ապա ո՞ւմ օգտին կքվեարկեն հարցվողները: Էնդրյու Կուպերի փոխանցմամբ` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում բնակիչներն ավելի կողմնակից են գործող նախագահներին, քան այլ թեկնածուներին: Ղարաբաղի բնակիչների կեսից ավելին` 52 տոկոսը, պատասխանել է, որ իր ձայնը կտա Բակո Սահակյանի օգտին:
Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում մարդիկ թերահավատ են, թե Թուրքիան շահագրգռված է խաղաղության հաստատումով: Այնուամենայնիվ ԼՂ -ի բնակիչներն իսկապես գիտակցում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շահավետ կլինի: Ղարաբաղի բնակիչները (68 տոկոս) ավելի իրազեկ են հակամարտության կարգավորման ներկայիս վիճակին, քան Հայաստանի բնակչությունը (50 տոկոս): Ղարաբաղի բնակչությունը նաեւ ավելի տեղեկացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, քան հայաստանցիները: ԼՂ-ի բնակչության գրեթե կեսը` 51 տոկոսը, պատասխանել է, որ տեղյակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակների ու գործունեության մասին, իսկ Հայաստանում նման պատասխան տվել է հարցվողների միայն 38 տոկոսը: Ղարաբաղի բնակչության միայն մեկ քառորդն է ասել, որ Մինսկի խումբը Հայաստանին ու Արցախին մեծապես աջակցող կազմակերպություններից մեկն է: ԼՂ-ում եւս Ռուսաստանը ծայրաստիճան դրական է ընդունվում` 85 տոկոսը վստահում է Ռուսաստանին, 87 տոկոսի կարծիքով` Ռուսաստանը մեծ դեր ունի հակամարտության կարգավորման գործում, եւ 80 տոկոսն էլ կարծում է, որ Ռուսաստանը շահագրգռված է խաղաղության հաստատումով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում Եվրոմիության հեղինակությանը, ապա ավելի ցածր է, քան ԵԱՀԿ-ինը: Հարցվողների միայն 16 տոկոսն է ասել, որ իրենց համար Եվրոմիությունն առավել վստահելի կազմակերպություն է: Հարցին, թե ո՞ր արժեքային համակարգն են առավել նախընտրում` ռուսակա՞նը, եվրոպակա՞նը, թե՞ ասիականը, ԼՂ-ում հարցվողների 47 տոկոսը պատասխանել է, որ իրենց նախընտրած արժեհամակարգը հայկականն է` չնայած այդպիսի տարբերակ նրանց չի առաջարկվել:
Արդյունքները ներկայացնելուց հետո ներկաները հարցերով դիմեցին բանախոսներին: Արժեքային համակարգերի վերաբերյալ դիտարկմանը, թե դրանք չունեն գիտական սահմանումներ, Մայքլ Քեմբեքը պատասխանեց. «Միանգամայն համաձայն եմ, որ գիտական սահմանում դրանց տրված չէ: Մենք ուզում էինք իմանալ բնակչության ընդհանուր զգայական մոտեցումը», իսկ լրագրողներից մեկի հարցինՙ արդյոք ներկայումս հայ գործարարնե՞րն են ֆինանսավորում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը, եւ ցանկությանը, որ Մայքլ Քեմբեքը հրապարակի կազմակերպության ֆինանսական աղբյուրները, Մ. Քեմբեքը հետեւյալ պատասխանը տվեց. «Ես չգիտեմ որեւէ հասարակական կազմակերպություն, որը բացահայտում է իր ֆինանսավորողների ու հովանավորների անունները»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ