«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2010-11-24 | #217, 2010-11-25 | #218, 2010-11-26


ՎՐԱՑ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ «ՋԱՅԼԱՄԻ ԿԵՑՎԱԾՔԸ»

Երբ Հայաստան այցելության ժամանակ իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ տված համատեղ ասուլիսում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարում էր, թե Ջավախք տեղանուն գոյություն չունի, զարմանալու առանձնակի առիթ չկար, քանի որ Վաշաձեի պարագայում կրթվածությունը կարող էր արտահայտվել միայն անգլերենի սահուն խոսքով, բայց ոչ սեփական երկրի աշխարհագրության եւ ընդհանրապես այդ երկրում փոքրամասնություն կազմող հայերի իրավունքների հարցում:

Չիմացությունը երբեւէ չի ազատել պատասխանատվությունից: Վաշաձեի պարագայում անտեղյակ լինելը, որ փոքրամասնություններն առնվազն կարող են իրենց լեզվով կոչել համապարփակ բնակության վայրում գրեթե ամեն ինչ, բնավ էլ ներելի չէ: Սակայն որ Վրաստանում փոխվարչապետն էլ չի տիրապետում երկրում որոշ խնդիրների գոյության մասին տեղեկություններին, այդ թվում` հայկական եկեղեցու, հայկական եկեղեցիների առնչությամբ, ստացվում է, որ հարեւանները նախընտրում են անտեղյակ, երիտասարդ եւ ջայլամի կեցվածքով պաշտոնյաների:

Վրաստանի փոխվարչապետ, եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեն նոյեմբերի 24-ին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին հյուրընկալվելու ընթացքում ռադիոկայանի հայկական ծառայության հարցերին ի պատասխան վստահեցրել է, թե Վրաստանը բոլոր դավանանքների ու եկեղեցիների հանդեպ հանդուրժողական քաղաքականություն է վարում: «Կա՞ արդյոք մի դեպք, որ հայկական եկեղեցին խնդիր է ունեցել իր իրավունքները իրականացնելու գործում: Կա՞ որեւէ խնդիր` երբեք խնդիր չի եղել», ասել է Բարամիձեն:

Ըստ Բարամիձեիՙ Վրաստանում չկա պաշտոնապես գրանցված եկեղեցի կամ դավանանք, որովհետեւ դրա կարիքը չունեն: Իսկ դրա կարիքը չկա, քանի որ, ըստ Բարամիձեի, չկա այդպիսի խնդիր, մինչդեռ Վրաստանի փոխվարչապետի տեղեկության համար պետք է կրկնենք, որ այդպիսի խնդիր բարձրացնում է ոչ միայն հայկական եկեղեցին Վրաստանում, այլեւ մյուս դավանանքների ներկայացուցիչները, որոնք չեն ցանկանում գործել որպես հասարակական կազմակերպություն` դրանից բխող անորոշություններով հանդերձ եկեղեցիների պատկանելության առնչությամբ:

Բարամիձեի խոսքերով` Վրաստանը նորմալ, եվրոպական երկիր է կառուցում, որտեղ յուրաքանչյուր անհատի ու էթնիկ խմբերի իրավունքները հարգվում են: Այս թեմայի առնչությամբ էլ վրաց պետնախարարի տեղեկացվածությունն ուղղակի հավասարվում է անտեղյակությանը կամ անտեղյակ ներկայանալու իրավիճակին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4