«Խորապես համոզված եմ, որ Եվրոխորհրդարանը չի կարող լռություն պահպանել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ»: Նոյեմբերի 22-ին Եվրոխորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Եվրոխորհրդարանի հունգարացի պատգամավոր Լասլո Տոկեշը: «Իր որոշմանը համահունչ (հունիս 18, 1987), Եվրոխորհրդարանը պետք է հիշի ցեղասպանությունը, որին զոհ են դարձել 1, 5-2, 5 միլիոն անմեղ մարդիկ, եւ պետք է դատապարտի Օսմանյան կայսրության իրականացրած կոլեկտիվ հանցագործությունը, այնպես, ինչպես արեց Հոլոքոսթի եւ կոմունիստական ցեղասպանության դեպքում: Մինչեւ այս պահը 22 անկախ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ: Ցավալի եւ տխրեցնող է այն փաստը, որ այն գրավոր հռչակագիրը, որը նախաձեռնել էր Մորթեն Մեսերշմիդտը այս տարի, չվայելեց խորհրդարանականների բավարար աջակցությունը: Սույնով ես խնդրում եմ նախագահ Եժի Բուժեկինՙ նախաձեռնել Եվրոպական միության անդամ երկրների կողմից Հայոց ցեղասպանության միացյալ ճանաչման գործընթացը, ինչպես նաեւ ցեղասպանությունը ժխտելու մեղավորությունը եւ այս հարցի պարտադիր ներառումը Թուրքիայի անդամակցության բանակցությունների մեջ», նշել է պատգամավորը:
Հ. Ա.