Եթե վտանգ չառաջացնեն մարդկանց կյանքի եւ առողջության համար
Ճգնաժամային 2009-ի մայիսին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոքր բիզնեսին որոշակիորեն աջակցելու նպատակով, հանդես եկավ մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններում տարբեր պետական կառույցների (բացառությամբ պետական եկամուտների կոմիտեի) տեսչական ստուգումները մինչեւ 2011-ի հունվարի 1-ը կասեցնելու նախաձեռնությամբ: Այս առթիվ ընդունվեց կառավարության որոշում, որին անդրադառնալու անհրաժեշտություն վերջերս առաջացավ, քանի որ դրա մեջ նշված վերջնաժամկետին քիչ ժամանակ է մնացել: Այդ փոփոխությունները կատարվեցին նոյեմբերի 18-ի որոշմամբ:
Միանշանակ է, որ 2009-ին ընդունած կառավարական որոշումը իսկապես գոհունակությամբ ընդունվեց փոքր եւ միջին բիզնեսի կողմից, քանի որ դրա շնորհիվ գործարարներն ազատվեցին շատ հաճախ սուբյեկտիվ պատճառաբանությամբ պատիժներից, քաշքշուկներից եւ ծախսերից: Սակայն, մյուս կողմից, սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները այս ընթացքում բազմաթիվ բողոքներ էին ստացել արտադրվող սննդամթերքի որակի, ժամկետայնության եւ այլ հարցերի առնչությամբ, որոնք վտանգում էին մարդկանց կյանքն ու առողջությունը: Այսինքնՙ կառավարությունը պետք է հիմա էլ ընդուներ մի որոշում, որը, զերծ պահելով հանդերձ փոքր բիզնեսը ավելորդ տեսչական ստուգումներից, կպաշտպաներ նաեւ մարդկանց կյանքի, առողջության անվտանգությունը, շրջակա միջավայրի մաքրությունը: Այս տարվա նոյեմբերի 18-ին ընդունած որոշմամբ երկարաձգելով տեսչական ստուգումների արգելքը, կառավարությունը միաժամանակ որոշեց ներդնել ռիսկերի հիման վրա ստուգումների կատարման համակարգը: Թե ի՞նչ է այն եւ ինչպե՞ս կարելի է համատեղել բիզնեսը ծախսերից եւ սուբյեկտիվ խնդիրներից զերծ պահելը սպառողների շահերի եւ անվտանգության հետ, փորձեցինք տեղեկանալ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Էմմա Հակոբյանից :
Նախարարի խորհրդականը հայտնեց, որ այսուհետեւ եւս տեսչական ստուգումներ իրականացնող մարմինները, բացառությամբ պետական եկամուտների կոմիտեի, չեն կարող տեսչական ստուգումներ իրականացնել 70 մլն դրամից ցածր տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների մոտՙ որոշ բացառություններով: Խոսքը հենց մարդկանց կյանքի եւ առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին է, որի դեպքում Հայաստանի վարչապետի գրավոր հանձնարարությամբ կարող են իրականացվել ստուգումներ: Իսկ ինչպե՞ս չուշացնել այդ վտանգը կանխելը: Էմմա Հակոբյանը վստահեցնում է, որ մեկ-երկու օրվա ընթացքում, ուսումնասիրությունների արդյունքում, նման վտանգի առկայության դեպքում վարչապետը կարող է ստուգում կատարելու հանձնարարական տալ:
Մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը բացահայտելու նպատակով ռիսկի վրա վրա հիմնված ստուգումների համակարգով պետական մարմինների տեսչական կառույցներին հնարավորություն է տրվում ուսումնասիրություններով պարզել, թե որտեղ են ռիսկերը: Սակայն ուսումնասիրությունների ժամանակ արգելվում են ստուգումներ կատարելը, տուգանքներ նշանակելը, իսկ տնտեսվարողներն էլ իրավունք չունեն արգելելու ուսումնասիրություններ անցկացնելը:
Էմմա Հակոբյանը նշեց, որ առանձնացվելու են ռիսկայնության երկու գործոններՙ ոլորտային եւ գործունեության ռիսկայնություն: Ոլորտային ռիսկայնությունն ավելի շատ վերաբերում է սննդամթերքի արտադրությամբ եւ առեւտրով զբաղվողներին: Գործունեության ռիսկայնությունը որոշվում է տվյալ ընկերության հարուցած խնդիրներով: Եթե ստուգումներով հայտնաբերվում են սանիտարական, ժամկետայնության, պահպանման խնդիրներ, ապա այդ ընկերությունը հայտնվում է բարձր ռիսկայնություն ունեցողների շարքում:
Էկոնոմիկայի նախարարությունը գործարարների շահերը պաշտպանելու նպատակով օրենքի նախագիծ է մշակել, որտեղ նախատեսվում է ներդնել ռիսկայնության տարբեր աստիճան ունեցող տնտեսվարողների համար ստուգումների տարբեր պարբերականություն: Ըստ այդ նախագծի, բարձր ռիսկային ընկերությունները կստուգվեն տարին մեկ անգամ, միջին ռիսկայնությունըՙ 3 տարին մեկ անգամ, ցածր ռիսկայնություն ունեցողներըՙ 5 տարին մեկ անգամ: Ներկայումս իրականացվում են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման փորձնական ծրագրեր:
Այնուամենայնիվ, մինչ նախագծերը կյանքի կոչելը, տեսչական ստուգումների կասեցումը, վերեւում հիշատակված բացառություններով, մնում է ուժի մեջ: Ի դեպ, նման ստուգումներ իրականացնող կառույցների թիվը բավականին մեծ էՙ մոտ 2 տասնյակ: Էկոնոմիկայի նախարարի խորհրդականը հատուկ ընդգծեց, որ գործարարները պետք է իմանան, որ տեսչական ստուգումներ իրականացնողներից ոչ ոք իրավունք չունի բանավոր վկայակոչումներով ստուգումներ իրականացնելու: Դա պետք է լինի միայն վարչապետի գրավոր հանձնարարականով: Էմմա Հակոբյանը մեզ հայտնեց «թեժ գծի» համարըՙ 542134, որտեղից կարելի է ստանալ բոլոր հետաքրքրող տեղեկությունները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ