Նոյեմբերի 25-ը Ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Երեկ «Արմատ» ակումբում նրա ծննդյան օրվան նվիրված ասուլիս էր կազմակերպվել: Ասուլիսին ներկա էր «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեք Ենիգոմշյանը, որը Մ. Մելքոնյանի ընկերներից է եղել: «Մոնթեն միայն մարտիկ ու հրամանատար չէր: Նրա խնդիրը նաեւ Սփյուռքի հայության վերադարձն ու արդար հասարակարգ ապահովելն էր: Մոնթեի համար գոյություն չունեին հուսալքություն եւ հույսի կորուստ», ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նրա կարծիքով` մեզ այսօր էլ են անհրաժեշտ Մոնթե Մելքոնյանի չհուսահատվելու վճռականությունն ու կամքի ուժը, մանավանդ այսօրվա պայմաններում, երբ ժողովրդի մի մասը կորցրել է հավատն ապագայի նկատմամբ: Ա. Ենիգոմշյանը պատմեց, որ Մոնթեի համար նյութական ունեցվածքը կյանքի նպատակ դարձնելը ծիծաղելի էր. «Անտարբեր էր նյութական ունեցվածքի հանդեպ»: Իր օրինակով Մոնթեն ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդը: «Պատմության մեջ նա կմա որպես մի լուսավոր պատկեր, որը կուղղորդի մեզ», ավելացրեց Ալեք Ենիգոմշյանը: Մոնթե
Մելքոնյանը ծնվել է 1957 թվականին, զոհվել 1993-ին: Ա. Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ Ազգային հերոսի ծննդյան ու մահվան օրերին նրան նվիրված միջոցառումներ են կազմակերպվում: Երեկ Մոնթեի անվան միջնակարգ դպրոցում եւս միջոցառում էր կազմակերվել: Ա. Ենիգոմշյանի փոխանցմամբ` Մոնթեի անվան դպրոցում նրան նվիրված տասնօրյակ է հայատարարվել, եւ ավելի քան 1000 աշակերտներ այցելել են նրա շիրիմին:
Ասուլիսի մյուս բանախոսը Մոնթեի մարտական ընկերներից էր` գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը: Հիշելով ընկերոջը` նա պատմեց. «Մոնթեն կարող էր 10 անգամ ներել մարդուն միեւնույն սխալի համար: Մոնթեն լավ ընկեր էր, լավ մարդ, չափազանց ազնիվ ու նպատակասլաց»: Հմայակ Հարոյանը նաեւ պատմեց, որ Մոնթեի զոհվելուց հետո ազերիները 3-4 օր դադարեցրել են իրենց մարտական գործողությունները: Ալեք Ենիգոմշյանն էլ նշեց, որ ազերիներն անընդհատ խոսում են Մոնթեի մասին ու հեքիաթներ հորինում, թե ինչպես զոհվեց Մոնթեն:
Ի. Պ.