Կարել Հանսայի ծննդյան 120-ամյակը
Նոյեմբերի 25-ին լրացավ չեխ գրող, ճանապարհորդ եւ մեծ հումանիստ Կարել Հանսայի ծննդյան 120-ամյակը: Հայ ժողովրդի մեծ բարեկամը հայտնի է իր «Արեւելքի սարսափները» գրքով, ուր առաջին անգամ դեռ 1923 թվականին չեխ ընթերցողի դատին է հանձնել հայ ժողովրդի պատմությանն ու ցեղասպանությանը նվիրված իր ուսումնասիրությունները:
Կարել Հանսան ծնվել է 1890 թվականին Վիեննայում, Կարել եւ Ժոզեֆինա Հանսաների ընտանիքում: Հայրն ունեցել է ավստրիական կամ գերմանական ծագում, մայրը` չեխական:
Չեխական պաշտոնական արխիվային փաստաթղթերից մեզ հայտնի է դարձել, որ Հանսան մայրենի լեզուն համարել է չեխերենը: Նրանց ընտանիքը Ավստրիայից Չեխիա է տեղափոխվել մինչեւ 1919 թվականը: Իսկ 1932 թվականին Հանսան արդեն ստացել է Չեխիայի քաղաքացիություն:
Թե որտե՞ղ է սովորել եւ ինչպիսի՞ կրթություն է ստացել, ոչ մի տեղ չի նշվում, բայց որ շատ է սիրել ճամփորդել եւ գրել, ենթադրելու առիթ է տալիս, թե Հանսան ստացել է կամ աշխարհագրական, կամ պատմաբանասիրական կրթություն: Ամեն դեպքում, պաշտոնական բոլոր փաստաթղթերում նա ստորագրել է իբրեւ ճանապարհորդ եւ գրող: Ժամանակակիցները նրան համեմատել են չեխ հայտնի ճանապարհորդներ Ստ. Վրազի եւ Հոլուբի հետ, համարելով նրանց արժանի հետեւորդ:
1922 թվականին նա իր առաջին ճամփորդությունը կատարել է Միջին Արեւելք եւ հրատարակել «Արեւելքի սարսափները»-Հայաստան (1923թ. Բերոուն) գիրքը:
Այս գիրքը ժամանակին մեծ աղմուկ է հանել, եւ ինչպես վկայում է «Նովի Զլին» թերթը, 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների կողմից գիրքը մտցվել է արգելված գրականության ցանկ: Այն թարգմանված է եղել մի քանի լեզուների, բայց հայտնի չէՙ ե՞րբ եւ որտե՞ղ: Այդ տարիներին լույս տեսած մի այլ աղբյուրից մեզ հայտնի է դառնում, որ 1923 թվականի նոյեմբերի 25-ին` իր ծննդյան օրը, նա փայլուն ելույթ է ունեցել Պրահայի Հանրային տանը` Արեւելք կատարած իր ճամփորդությունների մասին` ցուցադրելով նաեւ 172 նկար: Դահլիճում ասեղ գցելու տեղ չի եղել, դասախոսությունը տեւել է 3 ժամ: Մասնակիցները հիացել են ամեն մի նկարին տված նրա բացատրություններից: Այդ թեմայով էլ լույս է տեսել նրա հաջորդ գիրքը` հարեմների եւ Արեւելքի մարդկանց կյանքի մասին: Ի դեպ, գրեթե իր բոլոր գրքերում Հանսան հիշեցնում է «Արեւելքի սարսափները» գրքի եւ այն մասին, որ հայ որբերի օգնության հիմնադրամ է ստեղծել` Չեխոսլովակիայի Կարմիր խաչի ընկերությանը կից (Hansov fond pro armenske sirotky): Դրան զուգահեռ եղել է նաեւ ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչը Չեխոսլովակիայում:
Այդ տարիներին է նաեւ, որ Հանսան կատարում է ակտիվ խմբագրական աշխատանք: Նրա խմբագրությամբ լույս են տեսնում անտառային տնտեսությանը նվիրված մի քանի լրագրեր: Ցավոք, Կարել Հանսայի կյանքի վերջին տարիների մասին շատ քիչ բան է հայտնի: Թոշակի անցնելուց հետո նա հիմնականում զբաղվել է դասախոսական աշխատանքով, իր ճամփորդությունների մասին դասախոսություններով հանդես է եկել ոչ միայն չեխական քաղաքներում, այլեւ Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում: Մասնակցել է Ժնեւում անցկացված Հայաստանին նվիրված միջազգային կոնֆերանսին:
Չեխիայի պետական արխիվում շատ քիչ բան է պահպանվել նրա մասին:
Ոչ մի տեղ չհայտնաբերվեց ոչ միայն նրա մահվան թվականը, ոչ էլՙ գերեզմանը: Ըստ այդմ կարելի է եզրակացնել, որ նա մահացել է 1951 թվականից հետո` անհայտ պայմաններում, որովհետեւ պետական արխիվում այդ թվականից հետո նրա մասին ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել:
Գրական այն փոքր ժառանգությունը, որ թողել է Կարել Հանսան, իրավամբ կարելի է համարել շատ արժեքավոր, քանի որ միակ չեխ ճանապարհորդ-գրողն է, որ դեռ իր ժամանակներում համարձակորեն անդրադարձել է հայկական թեմային եւ առանց խմբագրումների հրապարակել իր տեսած ու հավաքած ճշմարտությունը:
«Արեւելքի սարսափները» գիրքը նվիված է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին` սկսած վաղնջական ժամանակներից մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականները:
Գրքում հեղինակը նախ անդրադառնում է հայ ժողովրդի ծագմանը, լեզվին ու գրականությանը, քրիստոնեության ընդունմանն ու տարածմանը, հայ թագավորներին ու Կիլիկիայի հայկական թագավորությանը, Նարեկացու գրական ժառանգությանը, Հայաստանի մասին գրած օտար աղբյուրներին: Բովանդակալից էջեր է հատկացնում Մխիթարյան միաբանությանը, հայ մամուլի սկզնավորմանը, ռուսահայության եւ թուրքահայության մշակույթին, հայ անվանի գործիչներին:
Ներկայացնում է նաեւ հայկական ավանդական կուսակցություններից մեկի` Դաշնակցության պատմությունը, ծրագրերն ու գործունեությունը:
Գրքի ամենաարժեքավոր մասը նվիրված է 19-րդ դարի Թուրքիային եւ այնտեղ բնակվող հայերի վիճակին: Հանսան ցավով գրում է հայերի բռնագաղթի եւ ջարդերի մասին, տալիս դրանց պատմական գնահատականը, ներկայացնում Թուրքիայում ապրող հայերի թվաքանակի աղյուսակներ` ըստ բնակության վայրերի ու նաեւ ականատեսների բազմաթիվ վկայություններ:
Նա չի բավարարվում միայն թվեր ու փաստեր բերելով, այլեւ քննարկում է այն պատճառները, ըստ որոնց հայերին ու մյուս քրիստոնյաներին Թուրքիայում կոտորեցին:
Հանսան անձամբ այցելել է Սիրիայի եւ Բեյրութի հայ փախստականների ճամբարներ եւ իր գրքում գրել այնտեղ գտնվող հայ երեխաների ու ծերերի վիճակի մասին, նրանց ապրած սասափելի օրերի մասին, անդրադառնալով նաեւ հայերին օգնություն ցույց տված օտար միսիոներների գործունեությանը:
Գիրքը եզրափակվում է 20-ական թվականների մամուլի գնահատականներով, հայ եւ հույն փախստականների ճամբարների մասին զեկույցով, Լոզանի կոնֆերանսի որոշումներով եւ աշխարհում ապրող հայության թիվը ներկայացնող ցանկերով, այդ թվում, թե որքան հայ է մնացել Թուրքիայում: Գրքի վերջում հեղինակը կոչ է անում Չեխոսլովակիայի բնակչությանը օգնություն ցույց տալ Միջին Արեւելքում ծվարած հայ որբերին` իր հիմնադրամի միջոցով:
Գրքում զետեղված են նաեւ 60 ինքնատիպ լուսանկարներ` Արեւմտյան Հայաստանից, Սիրիայից եւ Լիբանանից, ինչպես նաեւ հայ հայտնի հոգեւորականների, գրողների ու եկեղեցիների լուսանկարներ, բռնագաղթի ու որբանոցների պատկերներ: Անշուշտ դրանց մի մասը հայտնի լուսանկարներ են, բայց մի մասի հեղինակը հենց ինքն է` հայ ժողովրդի մեծ բարեկամ ու մեծ հումանիստ Կարել Հանսան:
2006 թվականին գիրքը չեխերենով վերահրատարակվեց Պրահայումՙ «Օրեր» եվրոպական ամսագրի ջանքերով եւ կիպրահայ բարերարների ֆինանսական աջակցությամբ: Չնայած մի շարք խոստումներին, արդեն 5 տարի գիրքը սպասում է հայերեն թարգմանության հովանավորին:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա