«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2010-11-25 | #218, 2010-11-26 | #219, 2010-11-27


ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵ. ԱՍՏԱՆԱ ԵՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ, ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ, ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին ընդառաջ` զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:

Մինչ այդ համանախագահները հանդիպել էին նաեւ արտգործնախարար Էդվարդ նալբանդյանի հետ: Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները: Զրուցակիցները քննարկել են Աստանայում կայանալիք հանդիպումների նախապատրաստական աշխատանքները:

Մինչ Երեւան ժամանելը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ: Ադրբեջանում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե երեւանյան հանդիպումներից հետո Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը կրկին կմեկնեն Բաքու, մինչդեռ Ֆասիեն ինքը կմեկնի Փարիզ` իրենց առաքելության մասին տեղեկացնելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին եւ նորանշանակ արտգործնախարար Միշել Ալյո-Մարիին:

Ֆասիեն նաեւ տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջ կազմով արդեն նոյեմբերի 29-ին կմեկնեն Աստանա: Ֆրանսիացի համանախագահի տեղեկացմամբ, Աստանայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ դեռեւս հնարավոր չէ տեղեկություններ տրամադրել: Սակայն Ֆասիեն, հաստատապես ոչ պատահաբար, նշել է, որ այդ գագաթաժողովին մասնակցելու են Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի նախագահը մեկնելու է Աստանա:

Հարցին, թե ֆրանսիացի համանախագահի տեղեկություններով արդյոք Հայաստանի նախագահը մասնակցելո՞ւ է Աստանայի գագաթաժողովին եւ հանդիպելո՞ւ է Ադրբեջանի նախագահի հետ, Ֆասիեն առավել քան գեղեցիկ պատասխան է տվել. «Ես չեմ կարող հաստատել անգամ Ֆրանսիայի նախագահի պլանները, ինչպե՞ս կարող եմ պատասխանել հարցին, թե կմասնակցի՞ արդյոք Հայաստանի նախագահը Աստանայի գագաթաժողովին»: Ֆասիեն նաեւ հիշեցրել է, որ Աստանայում էլ բանակցությունների մասնակիցները շարունակելու են աշխատել մադրիդյան սկզբունքների վրա:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4