«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2010-11-25 | #218, 2010-11-26 | #219, 2010-11-27


ՄԻ ՁԵՌՔՈՎ ՁՈՒԿԸ ԼՑՆՈՒՄ ԵՆ, ՄՅՈՒՍՈՎ` ՈՐՍՈՒՄ

Քննարկվում է Սեւանա լճում երեք տարով որսն արգելելու առաջարկը

Պետական բյուջեով սահմանված է, որ ամեն տարի Սեւանա լիճ է բաց թողնվելու ամառային եւ գեղարքունի տեսակի իշխանի մանրաձուկ: Բնապահպանության նախարարության կենսառեսուրսակին կառավարման գործակալության գլխավոր մասնագետ Նորայր Աբրահամյանի ներկայացմամբՙ 1 շաբաթ առաջ լիճ է բաց թողնվել 28,8 մլն դրամի 200.000 ամառային տեսակի մանրաձուկ: Մինչեւ 2007թ. վերոնշյալ ծրագրի համար տրամադրվում էր 10 մլն դրամ, տարեցտարի գումարը ավելացել է, շատացել է մանրաձկան քանակը: Սակայն դա կարծես բավարար չէ ու անհրաժեշտ արդյունքներ չի տալիս: Այժմ բնապահպանության նախարարությունում քննարկումներ են ընթանումՙ ընդառաջելու ԳԱԱ առաջարկն ու 3 տարով ընդհանրապես արգելելու Սեւանա լճում որսը, այդ թվումՙ խեցգետինների:

12-15 տարի է անհրաժեշտ իշխանի բնական տարածման վերականգնման եւ ինքնաարտադրման համար: Միայն այդ ժամանակ իշխան ձկան անունը կհանվի Կարմիր գրքի ցանկից:

ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի ներկայացմամբ` եթե ստեղծվեն նորմալ պայմաններ, ապա կունենանք նորմալ վերականգնվող բազմացում Սեւանում: Այս առումով շատ կարեւոր է ձկան ապօրինի վաճառքի կանխումը: Այս առումով նախարարության ձեռնարկած միջոցառումները որեւէ օգուտ չեն տալիս: Անհերքելի փաստ է, որ այսօր շուկաներում վաճառում են իշխանի տարատեսակներ:

Բարդուխ Գաբրիելյանի մեկնաբանությամբՙ պաշտպանությունը պետք է ավելի պատշաճ կերպով եւ բարձր մակարդակով իրականացվի, որպեսզի ներդրված գումարներն ավելի արդյունավետ լինեն: Գաբրիելյանի հետ համամիտ չէ բնապահպանության նախարարության պետական տեսչության կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հունանյանը, ում գնահատմամբՙ լիճ բաց թողնված մանրաձկների պաշտպանությունն իրականացվում է պատշաճ ձեւով:

«Առաջին 3 օրերը տեսուչները գիշեր-ցերեկ իրականացնում են շուրջօրյա հսկողություն, դրանից հետո` ամենօրյա ռեժիմով», շեշտեց նա:

«Եթե պատշաճ հսկողություն սահմանվեր` իշխանի մանրաձուկը արդյունավետ վերարտադրություն եւ ձվադրում կունենար», ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ նման հայտարարության հիմք են ծառայում իրենց կենտրոնի կատարած ուսումնասիրության արդյունքները, որի վերջնական հաշվետվությունը կհրապարակվի տարեվերջին: Ստուգումները վերաբերում են 3-4 տարի առաջ բաց թողած ձկների վերարտադրությանը, որոնք հասել են ձվադրման տարիքի: «Ուսումնասիրությունները կատարվել են գետերում եւ լճում: Ամառային իշխան եւ գեղարքունի տեսակներ են որսացել: Կարող էր ավելի արդյունավետ լիներ աշխատանքը, եթե պատշաճ պահպանություն լիներ: Ես էլ եմ շուկայում բազմիցս հանդիպել իշխանի», նշեց Գաբրիելյանը:

Նախարարության ներկայացուցչի տվյալներովՙ այս տարվա առաջին 10 ամսվա ընթացքում կազմվել է 139 արձանագրություն, 5 մլն 400.000 դրամ գումար է գանձվել պետական բյուջե վարչական տուգանքի տեսքով, եւս 4 մլն 50.000 դրամ` որպես վնասի փոխհատուցում:

Գաբրիելյանի սարկազմն էլ տեղին էր. «Պատկերացնո՞ւմ եք, ինչքան ձուկ են որսացել, որ այդքան գումար է մտել բյուջեՙ որպես տուգանք եւ հատուցում»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4