Թեեւ տարին դեռ չի ավարտվել, սակայն արդեն գոյություն ունեցող տվյալներն ու փաստերը հնարավորություն են տալիս ամփոփելու գյուղատնտեսական տարին:
«Գյուղատնտեսության համար տարին իսկապես ծանր էր, բայց դա չի նշանակում, որ մենք մեր բերքի համար պայքարելու միջոցներ չունեինք, որպեզի այսքան կորուստներ չունենայինք», երեկ «Հենարան» ակումբում ասաց ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը : Նրա տրամադրած տվյալների համաձայն` բանջարեղենի բերքի անկումն այս տարի կազմում է 35-40 տոկոս: «Անցյալ տարի բանջարեղենի բերքը (ներառյալ բանջարաբոստանային մշակաբույսերը) կազմել է 822 հազար տոննա, իսկ այս տարի, ըստ մեր ուսումնասիրությունների, բանջարեղենի բերքը կազմում է 550 տոննա, թեեւ պաշտոնական թիվն այս տարի կհայտարարվի 650 հազար տոննա», տեղեկացրեց բանախոսը: Պտղի բերքը 2009-ին պաշտոնապես հայտարարվել է 332 հազար տոննա, իսկ ագրարագյուղացիական միավորման տվյալների համաձայն` այս տարի կկազմի շուրջ 80 հազար տոննա, թեեւ պաշտոնապես կհրապարակվի 124 հազար տոննա: Հրաչ Բերբերյանի կարծիքով` խաղողի բերքն այս տարի կարող էր ավելի բարձր լինել, եթե չլինեին հիվանդությունները, որոնց բուժումները չկատարվեցին ժամանակին. «Անցյալ տարվա համեմատությամբ` շուրջ 20 տոկոս խաղողի բերքի կորուստ ունեցանք»: Ըստ բանախոսի` այս տարի կարտոֆիլի արտադրության իրական թիվը կազմում է 320-350 հազար տոննա, շուրջ 8-10 հազար հեկտարով էլ պակասել են կարտոֆիլի ցանքատարածությունները: Հրաչ Բերբերյանի փոխանցմամբ` պետական կառույցներից մեկը (այդ թվումՙ պաշտպանության նախարարությունը) անհրաժեշտ կարտոֆիլի շուրջ 50 տոկոսը ձեռք բերել չի կարողանում, քանի որ կարտոֆիլը թանկացել է:
Անդրադառնալով կրծողների հասցրած վնասներին` Հրաչ Բերբերյանը նշեց. «Այսօր կրծողներն ուղղակի ոչնչացնում են ցորենի ծիլերը, որոնք նոր են դուրս եկել: Ներկայումս Հայաստանում կրծողների համաճարակ է»: Կրծողների դեմ, սակայն, պետք է պայքարել արդյունավետ միջոցներով: Եթե ամեն տարի դրանց դեմ օգտագործվում են նույն թունաքիմիկատները, արդեն կրծողների վրա դրանք չեն ազդում: «Փորձը ցույց է տալիս, որ թունաքիմիկատը պետք է փոխվի, ինչը չի արվում»: Հարցին, իսկ ինչո՞ւ չի փոխվում թունաքիմիկատը, բանախոսը պատասխանեց. «Չգիտեմ, այդ մասին հարկավոր է հարցնել նախարարության «մասնագետներին»: Էդ մարդիկ չեն հասկանում, որ նույն թույնը չի կարելի կիրառել (շարունակաբար)»:
Անասնապահության մեջ եւս անկում է արձանագրվել` 10-15 տոկոսով` ե՛ւ կաթի, ե՛ւ մսի արտադրության մեջ: Թռչնի համաճարակի վերաբերյալ բանախոսը նշեց, որ հիմնականում վնասել է փոքր ու միջին ֆերմերներին, սակայն վտանգ կա, որ հիվանդությունը կարող է հարվածել նաեւ խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաներին. «Սրա «դեմը պետք է առնել»: Լավ չեն հասկանում, որ գյուղատնտեսությունը մեր էկոնոմիկայի հիմնական ուղղություններից է»:
Գյուղատնտեսական տարին ամփոփելուց հետո Հրաչ Բերբերյանն անդրադարձավ այն միջոցներին, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսության վիճակը կայունացնելու համար: Ագրարագյուղացիական միավորումը մշակել է հակաճգնաժամային ծրագիր հրատապ միջոցառումներով, որոնք հարկավոր են գյուղատնտեսության վիճակը կայունացնելու համար. «Այդ ծրագիրը կհետաքրքրի՞ կառավարությանը, թե՞ ոչ, իրենց խնդիրն է»: Հրաչ Բերբերյանը կարծում է, որ եթե արդյունավետ ու ճիշտ օգտագործվեն այն ռեսուրսները, որոնք պետությունը հատկացնում է գյուղատնտեսությանը, ապա հնարավոր կլինի հասնել հաջողության: Թե ինչո՞ւ եւ ո՞ր կառույցի մեղքով է գյուղատնտեսությունն ընկել նման ծանր վիճակի մեջ, Հրաչ Բերբերյանը նշեց. «Պատճառը սխալ կադրային քաղաքականությունն է»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ