ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` Նոր Նորքի «Վիշապի կոթողներ» այգու հանդեպ վերջին շրջանում կատարված ապօրինի գործողությունների վերաբերյալ: Նամակում նշելով Վիշապների այգում 4000-ամյա քարե կոթողների ոչնչացման, ապօրինի ծառահատումների եւ շինանարարության վերաբերյալ մամուլի հրապարակումները, ապօրինությունները մի խումբ պատգամավորների օգնությամբ ժամանակավորապես կանգնեցնելու փաստը, Ա. Հարությունյանը մատնացույց է անում մշակույթի հուշարձանների մասին օրենսդրությամբ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցուցակը, որտեղ ընդգրկված են նաեւ վիշապաքար եւ տապանաքար հուշարձանները, մինչդեռ մշակույթի նախարարությունից ստացված բանավոր տեղեկատվությամբՙ մասնավորեցված հողամասը գտնվում է հենց վերոնշյալ հուշարձանների զբաղեցրած եւ առանձնացված տարածքում. «Ուսումնասիրելով առկա տեղեկատվությունըՙ առաջացել են հետեւյալ հարցերը. 1. Ովքե՞ր են պատասխանատու պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքներում գտնվող հուշարձանների զբաղեցրած եւ առանձնացրած հողամասերի օտարման համար, 2. Ովքե՞ր են տվյալ տարածքում տվել եւ համաձայնեցրել շինարարություն իրականացնելու համար քաղաքաշինական փաստաթղթերը (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ)», հարցնում է ՄԻՊ-ն իր նամակում` առաջարկելով քննարկել պետական շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու հարցը, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության (ներառյալ քրեական) ենթարկելու համար:
Մ. Խ.