«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2010-11-26 | #219, 2010-11-27 | #220, 2010-11-30


ՍԱՈՒԴԱԲԱԵՎԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԱՎՐՈՎԻ ՈՒ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԵՏ

ԵԱՀԿ կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի ղեկավարը կոչ է անում «իրատես լինել»

Ինչպես տեղեկանում ենք Ղազախստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, երեկ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւի եւ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի միջեւ. «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր մակարդակով կայանալիք հանդիպմանը հաջողության հույս են հայտնել: Այդ կապակցությամբ հատուկ նշվել է հանդիպման բոլոր մասնակիցների կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունըՙ գագաթաժողովի քաղաքական փաստաթղթի համաձայնեցման եւ ընդունման ուղղությամբ», նշված է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ Աստանայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն հայտարարել է, որ ԵԱՀԿ հռչակագրի ամփոփիչ տարբերակի ուղղությամբ «շատ ակտիվ աշխատանք է ընթանում: Ես հուսուվ եմ, որ Ղազախստանի նախագահությամբ մշակված փաստաթուղթը լավ կընդունվի ԵԱՀԿ գագաթաժողովի մյուս անդամների կողմից», ասել է Բրիշամբոն:

Երեկ Լավրովի հետ ունեցած զրույցից զատ Ղազախստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Էդվարդ Նալբանդյանի հետ: «Քննարկվել են դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստության ընթացքն ու նրա բովանդակությունը: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են այդ հանդիպման հաջող եւ արդյունավետ անցկացման կարեւորությունը, կոնկրետ որոշումների ընդունումը, որոնք կորոշակիացնեն ԵԱՀԿ հետագա զարգացման հեռանկարները եւ իրական ներդրում կունենան ԵԱՀԿ տարածքում անվտանգության եւ համագործակցության հասնելու գործում»:

Կոնկրետ ղարաբաղյան մասով հետաքրքական ու միեւնույն ժամանակ սպասելի հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի ղեկավար Հերբերտ Զալբերը : Ինչպես փոխանցում է «Նովոստի Կազախստան»-ը, Զալբերը, ընդգծելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությունը գագաթաժողովին կարող է հնարավորություն տալ բաց քննարկումների, ասել է. «Բայց ինձ թվում է, պետք է իրատես լինել: Այդ հակամարտությունը բավականին խորն է, այն երկարատեւ պատմություն ունի, հավանաբար իրատեսական չէ ակնկալել խնդրի կարգավորումը այստեղ: Գագաթաժողովում հակամարտության քննարկման արդյունքում հնարավոր են մթնոլորտի բարելավում ու հակամարտության լուծման շրջանակային պայմանների վերաբերյալ առաջընթաց: Վերջիվերջո, հակամարտող կողմերը պետք է իրենք որոշում կայացնեն. ԵԱՀԿ-ն կամ Մինսկի խումբը, այլ երկրների նախագահները կամ արտգործնախարարները կարող են միայն օգնել ու աջակցել բանակցություններին»: Նման դիրքորոշում Զալբերը հայտնել է նաեւ Վրաստանի ու Հարավային Օսիայի հակամարտության վերաբերյալ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4