«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2010-11-26 | #219, 2010-11-27 | #220, 2010-11-30


ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՄԵՆԱԿԱՆՆԵՐԸ ԲԵՐՁՈՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՁԵՎ ԷԻՆ ԸՆՏՐԵԼ

Նոյեմբերի 27-28-ին երիտասարդ արմենականները Լեռնային Ղարաբաղում էին` Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) երիտասարդական ակումբի անդամների Բերձոր այցելության նպատակն էր աջակցել Արցախի զորացմանը: Արմենականները աջակցության յուրահատուկ ձեւ էին ընտրել` հիմնական շեշտը դնելով հոգեւոր խորհրդի վրա: Արմենական-ՌԱԿ-ը, համաձայնության գալով Բերձորի քաղաքապետարանի հետ, Բերձորում ծառատունկ էր կազմակերպել:

Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության եւ ՌԱԿ համաշխարհային խորհրդի անդամ Գայանե Մուրադյանն ասում է, որ անհրաժեշտ է միասնականորեն աջակցել Արցախի հզորացմանը: Ծառատունկն աջակցության եւս մի միջոց է, որը հաջորդեց նոյեմբերի 25-ին կայացած «Ջուրը կյանք է» խորագրով «Հեռուստամարաթոն 2010»-ին: Այս ծառատունկով կուսակցությունն իր գործուն մասնակցություն է ունենում «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախի զարգացմանը նպաստելու ծրագրին: Գայանե Մուրադյանը, որը եւս Բերձորում էր, ասաց. «Մինչ ծառատունկն արմենականները մասնակցել են նաեւ դրամահավաքին` հեռախոսով փոխանցելով իրենց նվիրատվությունները»: Ծառատունկը կարծես շարունակում է դրամահավաքի խորագիրը: Վերաբնակվողների համար նպաստավոր պայմաններ են անհրաժեշտ եւ միջոցներ, որպեսզի բնակիչները կապվեն իրենց հողին: Ամեն անգամ ջրելով, խնամելով հողն ու բնությունը` մարդիկ կապվում են այդ բնությանը:

Ամսի 27-ին Արմենական-ՌԱԿ երիտասարդական ակումբի 17 անդամներ, որոնք սովորում են Երեւանի տարբեր բուհերում, Բերձորում 125 թխկիներ տնկեցին, դրանց մի մասը տնկեցին Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի բակում, որտեղ շաբաթ օրն իսկական եռուզեռ էր: Երիտասարդ արմենականներին միացել էին դպրոցի աշակերտները: Մարիամ Սարգսյանը , որը սովորում է 10-րդ դասարանում, ասաց. «Այս միջոցառումն ինձ առաջին անգամ ծառ տնկելու հնարավորություն տվեց», իսկ աշակերտներից Դիանա Սահակյանը հետեւյալ անհանգստություն հայտնեց. «Ես 3 տարի հետո ավարտելու եմ դպրոցս, մտածում եմՙ ինձնից հետո ո՞վ է ջրելու իմ տնկած ծառը»: Աշակերտների փոխանցմամբ` ծառատունկի շնորհիվ կգեղեցկանա ե՛ւ իրենց քաղաքը, ե՛ւ դպրոցի բակը: Նույն օրը Ղարաբաղում շաբաթօրյակ էր կազմակերպվել, եւ արմենականների ծառատունկը հաճելի պատահականությամբ համընկել էր ընդհանուր շաբաթօրյակին:

Ծառատունկին իր մասնակցությունն ունեցավ նաեւ Արմենական-ՌԱԿ վարչության անդամ, «Վանաձոր» ակումբի ատենապետ Սեյրան Ղարիբյանը, որը Վանաձորից հասել էր Բերձոր, որպեսզի մասնակցի ծառատունկին: Գայանե Մուրադյանի խոսքով` անհրաժեշտ է համահայկական զորակցությամբ նպաստել Արցախի զարգացմանը. «Հենց սա պետք է լինի Բաքվի ռազմատենչ նկրտումներին ուղղված մեր պատասխանը»:

Արմենականները Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցում

Շաբաթ օրն արմենականները նաեւ շրջեցին Բերձորի թիվ 1 դպրոցում, որը շուրջ 2 տարի կրում է արեւմտահայ բանաստեղծ, ՌԱԿ առաջին ատենապետ Վահան Թեքեյանի անունը: Երիտասարդական ակումբի անդամները դպրոցի գրադարանին գրքեր նվիրեցին: Երիտասարդները գրքերը գնել էին իրենց միջոցներով: Գրադարանավարուհի Գայանե Բալայանը նշեց, որ իրենց գրադարանը, համեմատությամբ շրջանի դպրոցական մյուս գրադարանների, ավելի լավ վիճակում է: «Մեր գրադարանը շուրջ 2000 գիրք ունի` անգլերեն, ռուսերեն եւ հայերեն լեզուներով: Կուզենայի, որ մանկական գրականություն ավելի շատ ունենայինք եւ մշակույթի մասին գրքեր, որոնք հրատարակվել են վերջին տարիներին»:

Վերջում երիտասարդ արմենականները Հրանտ Դինքի անունը կրող դասասենյակի հուշամատյանում իրենց անունից գրառում թողեցին:

Ներկայումս Վ. Թեքեյանի անվան դպրոցը 177 աշակերտ ունի եւ 40-41 աշխատակիցներ: Տնօրենը` Անահիտ Քոսակյանը , ասաց, որ աշակերտների թիվը տարիների ընթացքում նվազել է. «2000-2001 ուսումնական տարում 365 աշակերտ ենք ունեցել»: Խոսելով ծառատունկի մասինՙ տնօրենը նշեց. «Մեր երեխաները, կարելի է ասել, կարոտ են նման միջոցառումների, որոնց միջոցով նրանք կարողանում են շփվել Հայաստանից եկած ուսանողների հետ»: Այնուհետեւ տնօրենն անդրադարձավ դպրոցի խնդիրներին, որոնց հանդիպում ենք նույնիսկ մինչեւ դպրոց հասնելը: Հիմնական ճանապարհից դեպի դպրոց տանող ճանապարհը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Ուսուցիչներն ու աշակերտներն ամեն օր դպրոց են բարձրանում քարուքանդ աստիճաններով: Կրթօջախը հիմնական ճանապարհից բավականին բարձր է, եւ 15-20 րոպե տեւեց, մինչեւ աստիճաններով դեպի դպրոց բարձրացանք: Անբարեկարգ այս վիճակի պատճառով ուսուցիչներն ու երեխաներն հաճախ սայթաքում, ընկնում են: Դպրոցի տնօրենն ասում է. «Ուսուցիչներն ավելի շատ են սայթաքում, հատկապես ձմռանը»: Անբարեկարգ վիճակում է նաեւ դպրոցի տանիքը: Անահիտ Քոսակյանը տեղեկացրեց, որ մյուս խնդիրը կապված է ջրամատակարարմանը. «Դպրոց ընդհանրապես ջուր չի մտնում, ստիպված դրսի ծորակից ենք օգտվում»: Դպրոցը հիմնովին վերանորոգման կարիք ունի, քայլելիս մանրահատակը շարժվում է: Եթե հանկարծ ուշադիր չլինես ու քայլելիս գլուխդ վեր բարձրացնես, ապա մանրահատակը տեղից դուրս կթռնի, իսկ քայլողն էլ ամենայն հավանականությամբ կսայթաքի: Թե ինչպե՞ս կլուծվի դպրոցի եւ ճանապարհի վերանորոգման հարցը, Անահիտ Քոսակյանը պատասխանեց. «Մեր հույսերը հիմնականում կապված են կառավարության ու իշխանության հետ: Ակնկալում ենք նաեւ արտասահմանցի բարերարների աջակցությունը»:

Արմենականների հետ դպրոցում շրջեց նաեւ Քաշաթաղի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Վարդան Բաղդասարյանը : Նրա փոխանցմամբՙ Քաշաթաղի շրջանում կան 47 հանրակրթական դպրոցներ, որտեղ սովորում են շուրջ 1500 աշակերտներ: 47 դպրոցներից 2-ը տեղակայված են Բերձորում: Խոսելով դպրոցների ջեռուցման խնդրի մասին` Վարդան Բաղդասարյանը տեղեկացրեց, որ շրջանի դպրոցների մեծ մասը ջեռուցվում է վառելափայտով, 6 դպրոց ջեռուցվում է էլեկտրական հոսանքով, եւ միայն մի դպրոց` գազով: Կոնկրետ Թեքեյանի անվան կրթօջախը ջեռուցվում է էլեկտրական հոսանքով:

Հանդիպում Բերձորի քաղաքապետի հետ

Այսօրվա դրությամբ Բերձորը 1800 բնակիչ ունի: Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանը ցավով նշեց, որ 5-6 տարի առաջ քաղաքը 3500-4000 բնակիչ է ունեցել: Ա. Սահակյանի փոխանցմամբ` մարդկանց հեռանալու պատճառներից մեկը գործազրկությունն է. «Աշխատանք չգտնելու պատճառով բնակիչները գնացել են արտագնա աշխատանքի ու տարել իրենց ընտանիքները»: Ինչպես գործազրկությունը, բնակարանների պակասը Բերձորի համար եւս լուրջ խնդիր է: Պետք է նոր բնակարաններ ու տներ կառուցվեն, քանի որ առկա բնակարանները բավարար չեն, իսկ Քաշաթաղի շրջանը վերաբնակեցվող շրջան է համարվում: Ինչպես Լեռնային Ղարաբաղի մյուս շրջանների ու քաղաքների, այնպես էլ Բերձորի համար ջրամատակարարման խնդիրը շարունակում է մնալ ամենահրատապը: Քաղաքապետը տեղեկացրեց, որ եկող տարվանից ջրի խողովակները պետք է փոխվեն ու նորոգվեն, ինչի շնորհիվ կնվազեն հոսակորուստները. «Հիմա կորուստները շատ-շատ են: Մղված ջրի 70 տոկոսը կորցնում ենք»:

  «Ազգի» հետ զրույցում քաղաքապետն անդրադարձավ նաեւ արմենականների ծառատունկին. «Այսպիսի միջոցառումների համար մենք միշտ ուրախ ենք: Լավ կլինի` բացի դեկորատիվ ծառերից տնկվեն նաեւ մրգատու ծառեր, որպեսզի բնակչությունը հետագայում օգտվի դրանց բերքից»:

Ծառատունկից տպավորված էին նաեւ Արմենական-ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները: Նրանցից Արթուր Սարգսյանը Երեւան վերադառնալու ճանապարհին ասաց. «Մեր նյութական աջակցությունն Արցախին ավելի շատ սիմվոլիկ բնույթ էր կրում, ըստ իս` ծառատունկն ավելի շատ հոգեբանական աջակցություն էր»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Բերձոր-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4