Համոզմունքներիդ մեջ երբ անկեղծ ես ու ցանկությունդ է իրագործել դրանք, ճանապարհներ կգտնվեն:
Աննա Ղազանչյանի հետ ծանոթանալուս առիթը Հայաստանի մանկատներից մի քանիսի հետ նրա բարեգործական ծրագրերն էին, որ տարիներ արդեն իրագործում է անձնական հնարավորությունների սահմաններում: Ծնվել է Երեւանում, միջնակարգ կրթությունից հետո մասնագիտացել է բժշկական համալսարանում, քսան տարի առաջ տեղափոխվելով Միացյալ Նահանգներՙ շարունակել է կատարելագործել մասնագիտությունը: Այժմ, սակայն, աշխատանքային գործունեության դաշտը Wall Street-ն էՙ բիոտեխնոլոգիաների ներդրումային ոլորտում:
Երբ ամուսնությունից մի որոշ ժամանակ անց երեխա չէր ունենում, երիտասարդ ընտանիքը Հայաստանից երեխա որդեգրելու որոշում կայացրեց: Այս առիթով էր, որ Աննան ամուսնու հետ այցելեց Գյումրիի «Թռչունյաց տուն» եւ «Տիրամայր Հայաստան» մանկատներ: Ճակատագիրը սակայն անակնկալ մատուցեց. որդեգրության փաստաթղթերը պատրաստելու ընթացքում Աննան հղիացավ, խոստացավ ինքն իրեն եւ Աստծունՙ օգտակար լինել Հայաստանի մանկատներին: Ամուսիններով շատ ուրիշ անձանց հետ «Թռչունյաց տան» կնքահայր ու կնքամայր դարձան:
«Կարծում եմՙ Հայաստանում թե արտերկրում ապրող ամեն հայի պարտավորությունը պետք է լինի օգտակար լինել մանկատներին: Այդ երեխաներին տեսնելուց հետո անհնար է նրանց մոռանալ: Կարծես նույն ցավով են տառապում, 10-12 տարեկանՙ բայց ժամանակից շուտ են մեծացել: Ասում ենՙ մենք այստեղ բոլորս նույն ցավը ունենք, իրար հասկանում ենք, խնամք ենք տանում միմյանց:
Նրանցից մի մասն ունի ծնողներ, բայց լքված է: Գուցե ծնողը չի էլ ցանկացել դա, բայց ստիպված է արել, գիտի, որ երեխան մանկատանը գոնե կսնվի, գիշերը ցրտից չի մրսի»:
Վայթփլեյնսում (Նյու Յորք), որտեղ այժմ ապրում է Աննան իր ընտանիքով, ինչպես ամենուրեք է սփյուռքում, հայերը համախմբված են եկեղեցու շուրջը: Տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ազգային կյանքի կենտրոնատեղի է նաեւ, որտեղ շատ հայեր ներգրավված են Հայաստանին եւ հատկապես մանկատներին օգնելու աշխատանքներում: Վերջերս Ճոճկան գյուղի Սբ Աստվածածին նորոգված եկեղեցու օծման արարողությանը ներկա էր նաեւ Աննանՙ իր դստեր եւ մոր հետ: Եկեղեցու բարենորոգումներն իրականացվել են Վայթփլեյնսի հայկական եկեղեցու աջակցությամբ:
Մանկատներ այցելելիս Աննային նախեւառաջ հետաքրքրում են առաջնահերթ կարիքները: Առաջին անգամ նա նկատել էր երեխաների խաղատեղերի սառը, գրանիտե հատակը եւ ամուսնու հետ որոշել մանրահատակով փոխարինել դա, եւ իրենք էլ խփել են: «Կյանքումս առաջին անգամ էի անում», ասում է նա: Հաջորդ անգամ խոհանոցային պարագաներ են անհրաժեշտ եղել, իսկ այս վերջին այցինՙ փամփերսներ. «Ես մի անձ եմ եւ հիմնադրամ էլ չունեմ, բայց ավելի մեծ օգնություններ եմ ուզում անել: Մտածեցի եւ ձեւը գտա»:
«Mariam and Anna jewerly»` այսպես անվանեց նա իր նորաստեղծ ընկերությունը, որտեղ պատրաստված վզնոցների վաճառքի ողջ հասույթը տրամադրվում է Գյումրիի «Թռչունյաց տան» (վայելում է «Գեւորգ Սոմջյան» ֆոնդի հովանավորությունը) կարիքներին: Առաջին փորձը հաջողությամբ իրականացվեց Վայթփլեյնսի հայկական եկեղեցում եւ գոյացած շուրջ 4.000 դոլարը փոխանցվեց մանկատուն: Հաջորդըՙ դստեր դպրոցում կատարվեց: Գնումներ կարելի է անել նաեւ www.mariamandannajewerly.com կայքէջով: Համապատասխան դրամական չեկը գրվում եւ փոխանցվում է «Թռչունյաց տան» անունով: Մանկատնից փոխադարձաբար ստացվում են հաստատող տեղեկություններ:
Իր բարեգործական մտահղացումները, այս ուղղությամբ ունակություններն ու կարողությունները ավելի արդյունավետ դարձնելու համար Աննան խորհրդակցում է փորձառու մարդկանց հետ: Հիացմունքով է խոսում ամերիկահայ բարերար, «Թռչունյաց տան» Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Հերման Խնդիրյանի մասին: «Վերադարձիս, ասում է, պետք է հանդիպեմ Կարո Արմենին, որ նույնպես ներգրավված է այս գործում եւ լուրջ աշխատանքներ է տանում»:
Սակայն մինչ այդ մի շարք մտահղացումներ իրագործել է եւ ուրիշ ծրագրեր էլ ունի: Երբ նա պատմում էր այս մասին, խաժ աչքերի կայծկլտուն ցոլքերը դիմացինին փոխանցում են այն պարզ ճշմարտությունը, որ բարիք գործելու համար առանձնակի ճիգեր կամ ֆինանսական մեծ կարողություններն այդքան էլ պարտադիր չեն, ընդամենըՙ կամեցողություն, ազնիվ մղում եւ իհարկեՙ տաք սիրտՙ հավատի... վերջին լուման եկեղեցու գանձատուն գցած կնոջ արարքի պես:
«Բարեգործությունը հոգեկան մեծ բավարարություն է տալիս», ասում է Աննան ու պատմում դստեր ծննդյան օրերից մեկի մասին. «Այնտեղ, Միացյալ Նահանգներում, այստեղ էլ, իհարկե, ծննդյան օրերին նվերներ են տալիս: Մի մասը երեխան հավանում է, մի որոշ մասն էլ արդեն ունի, երբեմն այնքան շատ, որ ավելորդ է. սպառողական մտածելակերպ է սա: Աղջկաս տարեդարձի օրը մտերիմներիս ասացի, որ Մարիամիկը խնդրել էՙ իրեն հատկացվելիք նվերի դրամը փոխանցեք «Թռչունյաց» հոմին: (Եվ իսկապես, ինքը գիտի, որ վզնոցները մանկատան երեխաների համար են): Այդպես էլ արվեց. հավաքված 1000 դոլարը փոխանցվեց մանկատուն: Իսկ «Թռչունյաց տանը» 1 տարի մեկ երեխա այս գումարով կարող է սնվել, հագնվել, ուսում ստանալ: Մինչդեռ այդ խաղալիքները մի կարճ ժամանակ անց աղբն էին նետվելու»:
Իր այս ծրագրի մաս է կազմում նաեւ մասնակիցների ընդլայնումը, հատկապեսՙ երիտասարդների: Որոշել է աշխատել տեղի երիտասարդական հայկական կազմակերպության անդամների հետՙ նրանց ներգրավելու բարեգործական ծրագրերում: Մոտեցող Ծննդյան տոներին ընդունված սովորույթ է նվերներ տալը: «Նրանց հորդորելու եմ, որ խնդրեն նվիրատուներին իրենց հատկացված գումարի կեսը փոխանցել Գյումրիի մանկատուն: Ուզում եմՙ նրանք էլ այդ զգացումը ապրեն, շնորհակալություն ստանան մանկատնից»:
Բարեգործությունը շնորհ է, բայց պետք է հոգու մեջ լինի այդ սերը եւ պահանջը նաեւ, որպեսզի տրվի այն: «Ճշմարիտ բարեգործությունը լուռ է արվում, չպետք է անունդ հնչի: Սիրտս այդպես է ասում, բայց միտքսՙ այլ բան, բայց եթե այս հոդվածը կարդալուց հետո թեկուզ 1-2 հոգի էլ սկսի օգնել մանկատներին, ուրեմն արդարացված է:
Մարդիկ կարծում ենՙ վատ գործը վարակիչ է, բայց լավ գործն էլ վարակիչ կարող է լինել, եթե ճիշտ արվի»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ