Քննարկել են Մանուկ Վարդանյանն ու Անրի Ռենոն
Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարար Մանուկ Վարդանյանը երեկ ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում Մանուկ Վարդանյանն անդրադարձել է Հայաստանում ֆրանսիական ընկերությունների գործունեությանը տրանսպորտի եւ կապի ոլորտներում: Մասնավորապես, նա նշել է «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեությունը, ինչը նպաստել է առողջ մրցակցությանը բջջային կապի շուկայում, հիշատակել «Էգիս Բիսիոմ ինթերնեշընլ» ընկերությանը, որն իրականացնելու է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու երկրորդ եւ երրորդ տրանշի նախագիծը, ինչպես նաեւ առաջին տրանշի շինարարության վերահսկողությունը: Նշվել է փոստի ոլորտում «Հայփոստի» եւ ֆրանսիական «Լա Փոստ» ընկերությունների միջեւ այս տարի ստորագրված ծառայությունների մատուցման համաձայնագրի մասին:
Անդրադառնալով տրանսպորտի խնդիրներին, նախարարը հայտնել է, որ հաջորդ տարի պատրաստ կլինի ավտոկայարանային ցանցը կոնցեսիոն կառավարման հանձնելու նախագիծը, որից հետո կհայտարարվի միջազգային բաց մրցույթ: Մանուկ Վարդանյանը նաեւ հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերությունները կմասնակցեն հաջորդ տարի գարնանը Երեւան-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման համար հայտարարվելիք մրցույթին:
Դեսպան Անրի Ռենոն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան բավականին մեծ փորձ ունի ճանապարհների եւ երկաթուղու շինարարության, ինչպես նաեւ փոստի ոլորտներում, եւ հույս է հայտնել, որ երկուստեք համագործակցությունն առավել արդյունավետ եւ հեռանկարային կլինի:
Ա. Մ.