2010 թվականը Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) համար հոբելյանական տարի է` հագեցած տարաբնույթ միջոցառումներով: Այս տարի լրանում է Արմենական կուսակցության հիմնադրման 125 տարին, եւ Արմենական տարվա ծրագրերի շրջանակում առանձնակի ակտիվությամբ են հանդես գալիս Արմենական-ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները: Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության եւ ՌԱԿ համաշխարհային խորհրդի անդամ Գայանե Մուրադյանի փոխանցմամբ` տարվա ընթացքում երիտասարդական ակումբի անդամները կազմակերպել են ուխտագնացություն Արագածոտնի մարզում, որտեղ այցելել են յոթ եկեղեցիներ, Մարտունի քաղաքում կազմակերպել են ծառատունկ, տարբեր մանկատներում իրականացրել բարեգործական ծրագրեր:
Նոյեմբերի 27-28-ին կուսակցության երիտասարդները Լեռնային Ղարաբաղում էին: Ակումբի անդամներից 15-ը, որոնք սովորում են Երեւանի տարբեր բուհերում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 125 թխկիներ տնկեցին` այս ձեւով աջակցելով Արցախ աշխարհին: Այս մասին «Ազգը» գրել է երեկվա համարում: Նմանատիպ ծրագրերից բացի Արմենական-ՌԱԿ անդամները կարեւորում են նաեւ երիտասարդների ճանաչողական այցերը: Երիտասարդական ակումբի անդամների այցելությունը Լեռնային Ղարաբաղ չէր սահմանափակվում միայն ծառատունկով, կարելի է ասել սա նաեւ ճանաչողական այց էր: Արմենականները չեն մոռանում իրենց երախտավորներին: Բերձորում ամսի 27-ին նրանք այցելեցին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը, որի վրա գրված է նաեւ Կարեն Մանվելյանի անունը: Վերջինս եղել է ՀՌԱԿ Արմենական ակումբի անդամ, պարգեւատրվել Արիության շքանշանով:
Այնուհետեւ երիտասարդ արմենականները շարժվեցին դեպի Ստեփանակերտ: Քաղաքում շրջելուց հետո նրանք լուսանկարվեցին «Տատիկ-պապիկ» հուշարձանի մոտ եւ ուղեւորվեցին դեպի Շուշի: Երիտասարդներն առանձնակի տպավորված էին Շուշի քաղաքից: Ակումբի անդամներից Արման Մարտիրոսյանը , որն առաջին անգամ էր Ղարաբաղում, ասաց, որ ամենից շատ հավանել է Շուշիի բերդն ու Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: «Սա շատ է տարբերվում իմ տեսած եկեղեցիներից», ավելացրեց Արմանը:
Կիրակի օրը արմենականների ավտոբուսը բռնեց Երեւանի ճանապարհը, որը դարձյալ համեմված էր ճանաչողական այցերով` «Սատանի կամուրջ» բնության հուշարձան, Տաթեւի վանք եւ «Տաթեւի թեւեր» ճոպանուղի: 2 օրվա մեջ ստացած տպավորություններն ամբողջացան Տաթեւում: Տեր Միքայել աբեղա Գեւորգյանը ` Տաթեւի վանքի վանահայրը, ասում է, որ ճոպանուղու բացումից հետո վանք այցելողների թիվը նկատելիորեն ավելացել է, սակայն որեւէ վանք կամ սրբատեղի պետք է դիտել ոչ միայն որպես պատմամշակութային հուշարձան. «Այստեղ պետք է գալ նաեւ հոգու խաղաղություն ու թեթեւություն գտնելու համար: Այսօր Տաթեւ այցելողների մի մասն այդ օրհնությունը ստանում է»: «Ազգի» հետ զրույցում Միքայել աբեղա Գեւորգյանը նշեց, որ ըստ նախնական պլանների` մինչեւ 2012 թվականը վանքն ամբողջությամբ պետք է վերանորոգվի. «Որոշակի գումար արդեն հավաքվել է, բայց դա դեռեւս բավարար չէ»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ