«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2010-11-27 | #220, 2010-11-30 | #221, 2010-12-01


ՀԱՅԱՑՔ XXI ԴԱՐԻՑ

XX դարի արեւմտաեվրոպական ամենաավանգարդ, մոդեռն գրողներից մեկըՙ Ֆրանց Կաֆկան իր կյանքի ավարտին այսպիսի խոստովանություն է արել. «Անհրաժեշտ է ավելի շատ հներին կարդալ: Դասականներին: Գյոթեին: Հինն օժտված է ամենաթանկ արժեքովՙ հավիտենականությամբ»: Ակնհայտորեն արժեքների նման գիտակցում ունեցող իր ժամանակի մոդեռնիստը, գուցեեւՙ չընդունվածը դեռ, հաջորդների համար ինքը կարող է դառնալ հենց այդպիսինՙ հավիտենական արժեք: Այդպես է կուտակվում մարդկության հոգեւոր փորձը, հարստանում նրա մտավոր գանձարանը. անցյալի հետ օրգանական կապի շարունակականությունը, հենց դա է ապահովում նրա պատմական տեւական ընթացքը: Ներկանՙ կառուցվող անցյալի վրա, ներկանՙ ապագայից եկողՙ ժամանակների փոխներգոյացում, փոխներհյուսում. արվեստի ու գրականության մեջ հատկապես ավելի ակնհայտ ու անխուսափելիՙ հոգեւոր անտեսանելի շղթայիՙ ենթագիտակցության մեջ ապրող օրենքով:

«Գյոթե-Շիլլեր. Հայացք XXI դարից». այսպես էր խորագրված Պետհամալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահամանյան գրականության ամբիոնի կազմակերպած գիտաժողովը, որն արդեն ավանդույթ է ձեւավորում համալսարանական կյանքում եւ անց է կացվում ամեն տարի նոյեմբեր ամսին:

XVIII դարի երկու հանճարեղ գեղագետ-մտածողների գրական հսկայական ժառանգությունն իր արդիականությամբ մշտական ուղեկիցն է մարդկության ինտելեկտուալ ընթացքի. «Ժամանակակից գրականության որեւէ հիմնախնդիր չկա, որ որեւէ ձեւով չառնչվի նրանց ստեղծագործությանըՙ Շիլլերի դրամայի տեսությունը, պատմության նրա ընկալումը, էսթետիկական դաստիարակությունըՙ այս վերջինը հատկապես գերժամանակակից մի հարց, որի մեծագույն մասնագետներից մեկը Շիլլերն է:

Գյոթեն ավելի ունիվերսալ հանճար էՙ թե՛ պոեզիայի, թե՛ դրամատուրգիայի, թե՛ արձակի: Գյոթեն հատկապես եվրոպացու նոր տիպի, ժամանակակից մարդու կատարելատիպն է եւ, թերեւս, հնարավոր էլ չէ ընդգրկել բոլոր այն սահմանները, որ ներկայացրել է Գյոթեն:

Եվրոպական հասարակական գիտակցությունը նրանց ընկալում է որպես միասնական: Բայց նրանք չափազանց տարբեր են: Կարլ Յունգի վերլուծական հոգեբանության հիման վրա ստեղծված տեսակետը նրանց դիտարկում է առանձին, որպես էքստրավերտ եւ ինտրավերտ տիպեր:

Ահռելի է այս երկու մեծությունների թողած ազդեցությունը հետագա սերունդների վրա: Ժամանակի մեծագույն մտածողներից մեկիՙ Ռուդոլֆ Շտայների հոգեւոր հայրերից է Գյոթեն, «Թեոսոֆիայի» ուղղորդներից մեկը: Նա մասնակից է ժամանակից գրականության, գիտության, մարդու կերտման պրոբլեմներին: Ահա այս նկատառումներով գիտաժողովի թեմա ընտրվեց «Գյոթե, Շիլլեր. Հայացք XXI դարից», մեր զրույցի ժամանակ ասաց արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը :

Իհարկե, գիտաժողովները գիտական նպատակների են հետամուտՙ հիմնականում ուղղված մասնագետներին, ուսումնական հաստատություններում անցկացվողները նաեւ մանկավարժական նպատակներ ունենՙ ուսանողների ներգրավմամբ, սակայն թեմատիկ առումով վերոբերյալը (միջազգային գրականություն) եւս մեկ նշանակությամբ է կարեւորվումՙ ինքնապաշարումից, մեկուսացումից դուրս բերել աստիճանաբար նեղացող մեր մտահորիզոնը, նոր մտքերի, գաղափարների, նոր շփումների փոխանակության հնարավորություններ բացել:

Գիտաժողովին մասնակցում էին ինչպես տեղի, նաեւ արտերկրի մասնագետներ: Մասնագիտական լրջությունը ապահովեց գիտաժողովի հաջողությունը: Առաջին նիստի հիմնական ելույթներն արտերկրի ներկայացուցիչներինն էինՙ Իգոր Սիլանտեւ (Ռուսաստան), Իրինա Մոդեբաձե (Վրաստան), Մ. Նաչկեբիա (Վրաստան), Մ. Ղաբարի (Իրանի Իսլամական Հանրապետություն), Սվետլանա Հարությունյան, Ե. Կարաբեկովա, Ե. Մարգարյան (Հայաստան): Երկրորդ նիստում ելույթներ ունեցան Ալբերտ Մուշեղյանը, Գայանե Շահվերդյանը, Սերգեյ Ստեփանյանը, Սիրարփի Ստեփանյանը (Արցախ) եւ Արա Առաքելյանը: Թեմաների մի մաս ներկայացվում է հեռակա մասնակցությամբ, նրանց մեջ նաեւՙ բանասիրական գիտությունների դոկտոր, գրականգետ-թարգմանիչ Կարլեն Մատինյանըՙ «Գյոթե-Շիլլեր համադրումը եւ հակադրումըՙ Հ. Հայնեի եւ Թ. Մանի գրական ակնարկները» թեմայով: Գիտաժողովի մասնակիցների ելույթները ավելի ուշ կամփոփվեն ամբիոնի «Համատեքստ» տպագիր ժողովածուում:

Մեկ հոդվածի շրջանակներում այսպիսի ընդգրկումով թեմաներին թեկուզ հպանցիկ անդրադառնալն, իհարկե, դժվար է, ուստի փորձենք ամփոփ ներկայացնել դրանցից մի քանիսը: Առաջին նիստում ուշագրավ էր Իրինա Մոդեբաձեի հայացքը Գյոթեի ստեղծագործությունների հոգեւոր ակունքներին, դեպի Արեւելք ուղղված կրոնա-միստիկական կոնցեպտուալ մեկնաբանությամբ:

Մեծ մարդկանց կյանքը իրենց ստեղծագործությունների նման անակնկալ ու անսովոր է, ինչպես Գյութեի վերջին սերն էր, որի մասին էր Ալբերտ Մուշեղյանի ելույթը: Առաջացած տարիքում 17-ամյա դեռատի Ուլրիկեի նկատմամբ Գյոթեի սերը ի՞նչ արձագանք ունեցավ գրողի կյանքում եւ ինչպե՞ս ընկալվեց հետագայում: Գյոթեի լավագույն ստեղծագործություններից մեկըՙ «Էլեգիան» գրվեց Ուլրիկեի հանդեպ տածած սիրո ազդեցությամբ: Սիրո բանաստեղծական պոռթկումը ստեղծագործական նոր վերելքի խթան հանդիսացավ, դրանից հետո միայն Գյոթեն ավարտեց «Ֆաուստը» եւ «Վիլհելմ Մայստերը»: Ահա թե ինչ է գրում Ստեֆան Ցվայգը «Մարդկության աստեղային ժամերը» նովելաշարում. «...Երբ հզոր զգացմունքը, հզոր թափով հորդաց այդ անմահ տողերի մեջ, այդ ժամանակից ի վեր գերմանական պոեզիան չունեցավ ավելի շողշողուն մի ժամ»: Ուշագրավ էին առնչությունները Գյոթեի «Էլեգիայի», Իսահակյանի «Սաադիի վերջին գարունը» եւ Տյուտչեւի «Վերջին սերը» գործերի միջեւ, որ ներկայացրեց բանախոսը: Պատահակա՞ն էր արդյոք Իսահակյանի այս ստեղծագործության տարեթիվըՙ «Էլեգիայի» ստեղծման 100-րդ տարումՙ 1923-ին, հարցնում է Մուշեղյանը, իսկ Տյուտչեւի «Վերջին սերը» (դարձյալ կյանքի մայրամուտի բանաստեղծական սիրո դրսեւորում) համարում է Գյոթեի «Էլեգիայի» մանրակերտը: «Հարկ չկա Գյոթեի վերջին սերը քննարկել բարոյաէթիկական չափանիշներով: Եզրահանգումը պետք է նույնքան փիլիսոփայական եւ բանաստեղծական լինի: Քանի դեռ մարդը չի կորցրել ոչ միայն գեղեցիկի զգացումը, այլեւ գեղեցիկը ստեղծելու աստվածային շնորհը, նա պահպանում է սիրո հավերժական իրավունքը: Գյոթեի «Էելգիայում» փառաբանվում է սիրո ազնվացնող զորությունը, որին մարդը պարտական է իր հոգեփոխման, իր հոգեւոր ամայությունից ձերբազատվելու եւ իր ներքին Աստվածը բացահայտելու համար»:

Ազատությանՙ որպես մարդու գիտակցության բարձրագույն վիճակի եւ դրա հարաբերակցումը արտաքին աշխարհիՙ միջավայրի եւ նրա ենթադրած պայմանականությունների հետ. այս համատեքստում հոգեբանության ամբիոնի վարիչ Գայանե Շահվերդյանը ներկայացրեց Շիլլերի «Նամակներ մարդու էսթետիկական դաստիարակության մասին» տրակտատըՙ գրված Ֆրանսիական հեղափոխությանՙ հեղինակի հիասթափություններից հետո. հեղափոխությունը չի կարող բերել ազատության, դա հնարավոր է ներքին ազատությամբՙ արվեստի, էսթետիկական դաստիարակության միջոցով:

Շիլլերի «Նամակներ մարդու էսթետիկական դաստիարակության մասին» տրակտատի նշանակությունն այսպես մեկնաբանեց Սերգեյ Ստեփանյանը. «Այն չի կարող եւ չպետք է որոշվի արեւմտյան մշակույթի պատմության մեջ իր թողած ազդեցության հետագծով միայն: Դրա նշանակությանը անմիջականորեն կապված է նաեւ արեւմտյան հարացույցի մշակութապատմական պրոցեսներից դուրս մնացած հոգեւոր այն միավորների հետ, որոնք այսօր կփորձեն լեզվապես եւ ոգեպես հաղորդակից դառնալ այդ գաղափարներին եւ ինչու չէ, տնօրինել դրանց երկրային ճակատագիրը, ուրեմն նաեւ սեփական ապագան:

Ազգային ոգու անվտանգության խնդիրը, որ կապված է հոգեւոր արթնության խնդրի հետ, չի կարող շրջանցել Կանտ-Շիլլերյան էսթետիկական ռեֆորմը, որի ողջ իմաստը հանգում է ճանաչողության եւ ստեղծագործության նոր որակի մարդուՙ ազատության մարդու բացահայտմանը»:

Գիտաժողովը եզրափակվեց Արա Առաքելյանիՙ ինչ-որ առումով խորհրդանշական ելույթով: Գյոթեի կերպարի որոնումների հոգեւոր ընթացքը, նրա կերպարի վերստեղծման ու ընկալման ժամանակային փոփոխությունները, անպայմանորեն, ոգեհաղորդակցման վերին օրենքներին են ենթակա, որովհետեւ այդպիսի հոգեկցումը (unia mistica-ն) պատահական չի լինում:

Իր ելույթի սկզբում հանճարեղ գրողի մասին վաղուց արդեն շրջանառվող կարծիքը թե. «Նա ով Գյոթեի մասին կարծիք է հայտնում, կարծիք է հայտնում իր մասին», Արա Առաքելյանը իր հետագա շարադրանքում հաստատեց ուշագրավ ու հետաքրքրական տեղեկություններով, դիտարկումներով, «հետեւելով» XX դարի մեծանուն չորս գրողներիՙ Թոմաս Մանի, Հերմանն Հեսսեի, Ալֆրեդ Դյոբլինի, Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունների վրա Գյոթեի թողած ազդեցություններին եւ Գյոթեի կերպարիՙ նրանցից յուրաքանչյուրի ընկալման փորձի առանձնահատկություններին: Ստեղծված 4 դիմանկարներն ըստ էության ինքնադիմանկարներ են նաեւ. «Թոմաս Մանի Գյոթեն արիստոկրատ է, բյուրգեր, ինքնասիրահարված մարդ, Հերմանն Հեսսեի Գյոթեն պոետ է, արձակագիր եւ իմաստուն, որն իր ինքնությունը կառուցել է Ոգու օրենքներով, Ալֆրեդ Դյոբլինի Գյոթեն ինտելեկտուալ հանճարՙ օտար իր միջավայրին, Ֆրանց Կաֆկայի Գյոթեն հանճար է, բայց ոչ ամբողջական, ֆրագմենտար եւ խորհրդավոր»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4