Դեկտեմբերի մեկից Հայաստանի Հանրապետությունում գործում է Վարչական վերաքննիչ դատարանը` համաձայն 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի: Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդմամբ, դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով: Վարչական վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքների հիման վրա վերանայելու է Վարչական դատարանի կայացրած դատական ակտերը` որոշումները եւ վճիռները: Վարչական դատարանի վճիռների դեմ ներկայացված բողոքները Վարչական վերաքննիչ դատարանում քննվելու են կոլեգիալ կազմով, իսկ որոշումների դեմ ներկայացված բողոքները` միանձնյա, գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու: Վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել Վճռաբեկ դատարան: Վարչական վերաքննիչ դատարանի նստավայրն էՙ Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9 (Երեւանի լամպերի գործարանի հարեւանությամբ): Հիշեցնենք, որ դատարանի նախագահը Տիգրան Մուկուչյանն է:
Հ. Ա.