Դեկտեմբերի առաջին օրը Շիրակի մարզի Հոռոմ գյուղում հանդիսավորապես գործարկվեց խմելու ջրի նոր բաշխիչ ցանցը, որով լուծվելու է համայնքի 510 ընտանիքներից մոտ 470-ի կանոնավոր ջրամատակարարման խնդիրը: Մինչ այդ համայնքի բնակչությունն օգտվում էր ինքնափոր ջրհորներից եւ Մանթաշի ջրամբարից, որից վատորակ ջուր էր մատակարարվում, այն էլ` ընդհատումներով, իսկ վերջին երեք ամիսներին ջրամատակարարումն ընդհանրապես դադարեցված էր:
Բարձր ճնշման պոլիէթիլենե խողովակներով նոր ցանցի կառուցման համար, որն անվտանգ եւ որակյալ ջուր պետք է մատակարարի բնակչությանը, «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը ներդրել է ավելի քան 5 մլն, իսկ համայնքն ինքը` 1,5 մլն դրամ: Անցկացվել է 1500 մետր խողովակաշար, կատարվել են նաեւ միացումները մինչեւ բնակարաններ: Գերմանական KfW բանկի «Շիրակի մարզում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում այժմ ընթանում է ամբողջ Հոռոմ համայնքի 24-ժամյա ջրամատակարարումն ապահովելու կոչված 250 խմ տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարի եւ նոր ջրատարի կառուցումը` շուրջ 173 հազար եվրո արժեքով, որը շահագործման կհանձնվի եկող տարվա հոկտեմբերի վերջին:
Ինչպես ներկա լրագրողներին տեղեկացրեց «Շիրակ-ջրմուղկոյուղի» ընկերության միջազգային տեխնիկական տնօրեն Մանֆրեդ Շաուբը , հիշյալ ծրագրի արդեն հաստատված երկրորդ փուլով եկող տարի ջրամատակարարման բարելավման աշխատանքներ կկատարվեն մարզի նաեւ այլ բնակավայրերում: Առաջին նման բնակավայրը, որտեղ աշխատանքը պետք է սկսվի ձմեռային արձակուրդից հետո, լինելու է Մարալիկ քաղաքը:
Ի դեպ, պատասխանելով իրեն տրված հարցին` պրն Շաուբը նշեց, որ մեր խմելու ջրի որակը շատ լավն է: «Առողջարար եւ մաքուր ջուր է», ասաց նա:
Գ. Մ.