«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2010-11-30 | #221, 2010-12-01 | #222, 2010-12-02


ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆ ԵՎՍ 6 ՏԱՐԻ

Նախատեսվում է, որ 2016 թվականին Երեւանի բնակիչները կունենան ջրամատակարարման 95 տոկոս շարունակականություն: Այս մասին Մամուլի ազգային ակումբում երեկ ասաց «Երեւան ջուր» ՓԲԸ-իՙ հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը . «Այսինքն` 2016-ին մեր հաճախորդների 95 տոկոսը պետք է ունենա 24-ժամյա ջրամատակարարում: Ըստ պայմանագրի, որը գործում է 2006 թվականի հունիսի 1-ից, նախատեսվում էր պայմանագրային 4-րդ տարում ապահովել ջրամատակարարման 79 տոկոս շարունակականություն, բայց «Երեւան ջուրը» կարողացել է ապահովել ավելին` 86,7 տոկոսը` ժամային առումով 20,8 ժամ: «4-րդ պայմանագրային տարում սպառողների 69 տոկոսն ունեցել է 20-24 ժամ ջրամատակարարում», ավելացրեց բանախոսը:

Այնուհետեւ պատասխանելով լրագրողների հարցերին` Գագիկ Մարգարյանն անդրադարձավ 185 ծառայությանը կապված դժգոհություններին. «Ծառայության հեռախոսակենտրոնը գտնվում է մեր տնօրինության ներքո: Ստացված բոլոր հեռախոսազանգերը ձայնագրվում են: Զանգերի հոսքը մեծանում է, երբ մեծ վթարներ են լինում, քանի որ օպերատորների քանակն էլ սահմանափակ է, հետեւաբար սպառողներն այդ պահին միանալ չեն կարողանում»: «Երեւան ջուրը» այս խնդրին իրեն ձեռնտու լուծում է տվել. օպերատորների քանակն ավելացնելու փոխարեն կիրառության մեջ է դրել ինքնապատասխանիչով հեռախոսը, որպեսզի զանգահարողը հաղորդագրություն թողնի: Գագիկ Մարգարյանը դժգոհում է, որ սպառողները խուսափում են հաղորդագրություն թողնելուց: Երեւի թե այդ պատճառո՞վ է, որ «Երեւան ջուրը» չի կարողանում պատասխանել սպառողների զանգերին եւ լուծում տալ նրանց խնդիրներին: Ինչեւէ, մեղավորը սպառողն է, որը մի քանի անգամ զանգելով ու հաղորդագրություն չթողնելով` խանգարում է, որ մյուս սպառողներն էլ կարողանան միանալ:

Անդրադառնալով ջրակորուստների խնդրին` Գագիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ 4-րդ պայմանագրային՞ տարվա ավարտին արձանագրվել է, որ ջրակորուստները կազմել են 83,7 տոկոս: Ջրակորուստների խնդիրն անմիջականորեն կապված է ջրագծի ցանցի մաշվածությամբ: «2120 կմ երկարությամբ ցանցը քայքայված եւ խոցելի վիճակում է, սակայն ցանցի ընդլայնումն ու գլոբալ վերակառուցումը մեր սակագնի մեջ ներառված չեն»: Քայքայված ջրագծի հասցրած վնասներն իհարկե մեծ են, բայց ջրակորուստները միայն այս հանգամանքո՞վ են պայմանավորված, եւ արդյոք բոլոր օբյեկտները վճարո՞ւմ են իրենց ծախսած ջրի համար: Լավ, վճարել-չվճարելը մի կողմ, իսկ ինչքանո՞վ է արդարացված, որ ավտոմաքրման կետերում խմելու ջրով կարելի է ավտոմեքենաներ լվանալ: Ճիշտ է, ջուրն ապրանք է, մարդը վճարում է դրա համար եւ դրանով թող անի ինչ ուզում է, բայց միեւնույն ժամանակ ջուրը նաեւ ռազմավարական ռեսուրս է: Լավ կլինիՙ ավելի շատ բարձրաձայնել այս խնդիրները եւ աշխատել դրանց լուծման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ջրի սակագնի բարձրացմանը, բանախոսը նշեց, որ պետք է սպասենք ճշգրտման արդյունքներին: Հետո նոր կիմանանքՙ սակագինը դեպի վերեւ է ճշգրտվելու, թե՞ դեպի ներքեւ: Չնայած Գագիկ Մարգարյանը չնշեց, որ ջրի սակագինը բարձրանալու է, բայց բոլորս էլ գիտենք, որ սակագներն առհասարակ «ճշգրտվում են» ի վնաս սպառողի:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4