«Չորրորդ իշխանություն» օրաթերթի դեկտեմբերի 1-ի «Բանավեճ առանց թեմայի» հոդվածում լրագրողը ներկայացրել է ոչ միայն իր չիմացությունը, այլեւ անգրագիտությունը` ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը նույն հարթության մեջ որակելով Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ, եւ արդարացել, որ գերատեսչությունները «էշի ականջում էին քնած», դրա համար էլ հայկական մի շարք լրատվամիջոցներ հղում էին անում ոչ թե Թեհրանում այդ ժամանակ գտնվող հայ լրագրողների հոդվածներին, այլ` ադրբեջանական լրատվամիջոցներին: Իսկ գերատեսչություններն ի՞նչ կապ ունեին, երբ Հայաստանում մի շարք լրատվամիջոցներ նախապատվությունը տալիս էին ադրբեջանականին:
«Ազգ» օրաթերթի ընթերցողները տեղյակ են միջադեպին, որովհետեւ այն բազմիցս լուսաբանվել է, բայց քանի որ ՉԻ-ի լրագրողը այնքան էլ ուշադիր չէ եւ առանց լրատվությանը ծանոթանալու մեկնաբանություններ է կատարում, նրան տեղեկացնում ենք, որ «Ինչ-որ միջոցառման շրջանակը» Թեհրանում Մամուլի եւ լրատվական գործակալությունների 17-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսն էր, որտեղ Հայաստանը ներկայացնում էին «Ազգ» օրաթերթն ու PanArmenian.net գործակալությունը:
«Լավագույն դեպքում «Ազգ» -ը կարող էր աղմուկ բարձրացնել` պաշտպանելով նախ իր լրագրողի շահերը, ապա պետության շահերը: Վստահաբար մենք կլինեինք լրագրողի կողքին», գրում է լրագրողը, ով չի զլացել բացել ադրբեջանական կայքերը, սակայն ալարել է թերթել «Ազգը» կամ բացել PanArmenian.net-ի կայքը, որոնք ամեն օր անդրադարձել են կատարվածին: Բա ո՞ւր մնաց լրագրողական պրոֆեսիոնալիզմը, զանգելով որեւէ տեղեկություն ճշտելու քաղաքականությունը: Report. am կայքի եւ «Արմենպրես» գործակալության լրագրողները կարողացան զանգել Թեհրան ու նախապատվություն տալ ոչ թե ադրբեջանական խեղաթյուրված լրատվությանը, այլ հայկական լրագրողների խոսքերին:
Բացի այդ, երբ լրագրողները բոյկոտեցին ցուցահանդեսն ու վերադարձան Երեւան, «Դե ֆակտո» ակումբում մամլո ասուլիս տվեցին` մասնակցությամբ երկու լրատվամիջոցների խմբագիրների, ու ներկայացրին կատարվածը: Չեմ հիշում, որ ՉԻ-ի լրագրողը ասուլիսին մասնակցեր կամ թեմային անդրադառնար: Տեղեկացված չլինելը ամոթ չէ, սակայն երբ դու քո գործում թերանում ես, իսկ ուրիշին անհիմն մեղադրում` գեղեցիկ չէ:
Հ. Հ.