1981 թվականին 4 հայ տղաներ Բեյրութից տարբեր ճանապարհներով կարողանում են հասնել Փարիզ: Նրանք իրենց հետ զենք-զինամթերք են տանում: Տղաները մտնում են ֆրանսիական հյուպատոսարան, 65 հոգու պատանդ վերցնում եւ ներկայացնում իրենց քաղաքական պահանջները` Արեւմտյան Հայաստանի ազատագրում եւ հատուցում, Արեւմտյան Հայաստանի հուշարձանների պահպանում եւ Թուրքիայի հայ, թուրք եւ քուրդ քաղբանտարկյալների ազատ արձակում: Բանակցություններ վարելուց հետո հայ տղաները ստանում են համաձայնություն, որ քաղաքական դատ կլինի: Համաձայնությունը ստանալուց հետո տղաները պատանդներին ազատ են արձակում, իսկ իրենք էլ հանձնվում ֆրանսիական անվտանգության ուժերին: Սա Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Վան գործողության» մասին պատմությունն է, որին երեկ «Արմատ» ակումբում անդրադարձավ «Հայերի դատը Փարիզում» գրքի հեղինակ Գրիգոր Ջանիկյանը: Երեկ գրքի շնորհանդեսն էր, գիրքը պատմում է նաեւ «Վան գործողության» մասին: Խոսելով դատավարությունից` Գրիգոր Ջանիկյանը պատմեց, որ Սողոմոն Թեհլերյանի դատից հետո նման դատ Եվրոպայում չէր եղել: Շնորհանդեսին ներկա էին «Վան գործողության» հրամանատար Վազգեն Սիսլյանը եւ մարտիկ Հակոբ Ջուլֆայանը:
«Հայերի դատը Փարիզում» գիրքը հրատարակվել է այս տարի, 500 օրինակով, մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: «Ամաչում եմ ասել, որ ավելի քան 10 տարի գիրքը չէր հրատարակվում, իսկ այն այսօր մեծ պահանջարկ ունի: Եթե կլինի մեկը, որը կուզենա գիրքը հրատարակել առանց որեւէ շահի, մենք ուրախ կլինենք»:
Գիրքը ներկայացնելուց հետո շնորհանդեսի մասնակիցները պատասխանեցին լրագրողների հարցերին: «Ինչքանո՞վ են արդարացված ԱՍԱԼԱ-ի պայքարելու ձեւերն ու միջոցները» հարցին Վազգեն Սիսլյանը պատասխանեց. «Միջոցներն արդարացված են, նույնիսկ ամբողջ Եվրոպան այդպես որոշեց», իսկ Գրիգոր Ջանիկյանը հավելեց. «Նրանք, ովքեր պայքարում են ազգային նպատակների համար, արդարամարտիկներ են, իսկ ԱՍԱԼԱ-ն այսօր էլ կա, գործում է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ աշխարհի տարբեր երկրներում, ուղղակի նրա մարտավարությունն է փոխվել»:
Վերջում անդրադառնալով հայաստանյան խնդիրներինՙ Վազգեն Սիսլյանը նշեց, որ իշխանությունները հայ ժողովրդի նկատմամբ ծանր պարտականություն ունեն կատարելու. «Այսօր Հայաստանում հացի փնտրտուքի խնդիր է: Մեր իշխանությունները, բացի իրենց անձնական շահի մասին մտածելուց, շատ-շատ անելիքներ ունեն»:
Ի. Պ.