Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է
Միավորված ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 3-ը ճանաչել է որպես հաշմանդամների միջազգային օր: Երեկ հաշմանդամների օրվան նվիրված տարբեր միջոցառումներ էին կազմակերպվել, եւ դրանց հիմնական նպատակն էր հասարակության ուշադրությունը հրավիրել հաշմանդամ մարդկանց խնդիրների վրա: Հաշմանդամների օրվա առթիվ ուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Ուղերձում նշված է, որ աշխարհի բնակչության շուրջ 10 տոկոսն ունի ֆիզիկական, հոգեկան ու զգայարանային խանգարումներ. «Ամբողջ աշխարհում հաշմանդամները տառապում են գործազրկության բարձր մակարդակից, հաճախ պատշաճ կրթության ու առողջապահության հասանելիության բացակայությունից: Անհրաժեշտ է, որ կառավարություններն անեն ավելին հաշմանդամներին օգնելու համար»: Այս տարի հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա թեման էրՙ «Պահենք խոստումը. ընդգրկենք հաշմանդամության հարցերը հազարամյակի զարգացման նպատակների մեջ»:
Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դահլիճում բացվել էր ցուցահանդես` նվիրված հաշմանդամների օրվան, որը նշում էին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակն ու «Փյունիկ» հաշմանդամների միությունը: «Փյունիկ» ՀԿ-ի նախագահ Հակոբ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ցուցադրվում են իրենց կազմակերպության արհեստների եւ արվեստների կենտրոնի տարբեր տարիքի սաների աշխատանքները` նկարներ, ասեղնագործություններ եւ այլն: 51-ամյա Անահիտ Իսունցը ներկայացրել էր իր ասեղնագործությունները: Անահիտը պատմեց, որ ասեղնագործում է 30 տարեկանից, առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 1993-ին, նրա աշխատանքները ցուցադրվել են նույնիսկ Ֆրանսիայի Մարսել քաղաքում եւ Իրանում, նրա աշխատանքները նաեւ վաճառվում են: «Օրինակ` սփյուռքահայերը գնում են իմ ասեղնագործությունները եւ դնում իրենց աղջիկների օժիտների մեջ», ասում է Անահիտը, որը հրաշալի օրինակ է ծառայում կենտրոնի սաների համար, որպեսզի վերջիններս չընկճվեն: «Որեւէ մեկը չգիտի, թե ինչ է սպասում իրեն ապագայում», նշում է Անահիտը, այնուհետեւ խոսում արհեստի կարեւորության մասին. «Ինչպես Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթում է ասվումՙ նույնիսկ թագավորը պետք որեւէ արհեստի տիրապետի»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը , որը հանդես եկավ առանձին խոսքով. «Այսօր այն օրն է, երբ մենք փորձում ենք հասարակության ուշադրությունը բեւեռել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա»: Խոսելով հաշմանդամության զբաղվածության մասին, փոխնախարարն ասաց, որ այս ոլորտում խնդիրներ կան. «Կոչ ենք անում բոլոր գործատուներին, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է աշխատել»:
Հայաստանում այսօր գրանցված 180 հազար հաշմանդամ կա, որոնց մեծ մասն աշխատունակ է: Այս մասին լրագրողներին «Արմատ» ակումբում տեղեկացրեց «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը : Ասուլիսի ընթացքում ավելի շատ խոսվեց հաշմանդամ մարդկանց խնդիրներից: Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ` Հայաստանում մատչելի տրանսպորտ հաշմանդամների համար պարզապես չկա: Ա. Ալավերդյանը համեմատություն է անցկացնում Շվեդիայի հետ. «Օրինակ` մետրոն Շվեդիայում 100 տոկոսով հարմարեցված է հաշմանդամների համար»: Մեզանում մատչելի չէ ոչ միայն տրանսպորտը, այլեւ բազմաթիվ շենքեր ու շինություններ: «Խոսքը բոլոր շինությունների կամ շենքերի մասին չէ: Կան շինություններ, որոնք համապատասխանում են մատչելիության չափանիշներին, բայց կան եւ հակառակը»:
Մյուս բանախոսը` «Փրկություն» ՀԿ-ի նախագահ Արփինե Աբրահամյանը պատմեց, որ այս տարի գարնանը իրենց կազմակերպությունը 12 վարչական շրջանների զբաղվածության կենտրոններում հարցում է անցկացրել պարզելու համար, թե քանի՞ մտավոր խնդիրներ ունեցողներ են որպես գործազուրկ գրանցված. «Այդ կենտրոններում զարմացան, թե մտավոր խնդիր ունեցողին ինչպե՞ս կարելի է որպես գործազուրկ գրանցել»: Արփինե Աբրահամյանը ցավով նշեց, որ մտավոր խնդիրներ ունեցողների համար դեռ շատ քայլեր պետք է արվեն:
«Հավատ» վատ լսող երեխաների կենտրոնի նախագահ Սուսաննա Ժամկոչյանն էլ անդրադարձավ ներառական կրթությանը. «Դա շատ մարդասիրական քայլ է, սակայն հաջողության համար անհրաժեշտ է կարեւորել նաեւ նախադպրոցական տարիքը, եւ ներառական կրթությունը սկսել հենց այդ տարիքից»:
Հաշմանդամները չեն կարողանում լիարժեք ընդգրկվել հասարակական կյանքի մեջ, եւ հասարակությանն առանձնակի չեն էլ հուզում հաշմանդամների խնդիրները: «Ազգը» երեկ պատահական մարդկանց հարցում անցկացրեց, թե արդյոք իրազե՞կ են, թե ինչ օր է դեկտեմբերի 3-ը: 10 հարցվածներից որեւէ մեկը չգիտեր, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է, ինչն ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ տարեկան մի քանի անգամ հաշմանդամների խնդիրներից խոսելը դեռեւս հարցի լուծում չէ: Իսկ ինչքա՞ն է կազմում հաշմանդամության կենսաթոշակը, «Ազգի» այս հարցին պատասխանեց «Ունիսոն» ՀԿ-ի նախագահը. «Որպես առաջին խմբի հաշմանդամ ես ստանում եմ 18 հազար դրամ թոշակ եւ այն դեպքում, որ ունեմ 17 տարվա աշխատանքային ստաժ»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ